«ԼՂ բանակցային գործընթացը կանգնած է». Սերժ Սարգսյան

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացն այս պահին լավատեսության տեղ չի տալիս, և դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը` ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է պատկերացնում բանակցությունների ապագան, ու ի՞նչ նոր քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային ավելի կառուցողական հուն վերադարձնելու համար:

Ս.Սարգսյանը համաձայնեց, որ բանակցային գործընթացը, իրոք, լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի ճիշտ է ասել, որ այդ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև դրանց արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

Ըստ նրա` մինչ այս փուլը ՀՀ-ն բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որ գործընթացում աշխուժություն լինի, և ձեռք բերած պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Սակայն, ըստ նրա, ոչ միայն բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ բանակցությունները, պարզվում է, որ անտեղի են, որովհետև մյուս կողմը պայմանավորվածությունները չի պահում:

«Մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է՝ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, և այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում է՝ միայն զիջումներ ԼՂ-ի կամ ՀՀ-ի կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկել, որ մեր համար այդ կարևորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»,- ասաց Ս.Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս