Գնաճի չեմպիոն ապրանքներն ու քաղաքները (գծապատկերներ)
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին։
12-ամսյա գնաճը՝ 2018 թվականի մարտը 2017 թվականի մարտի համեմատ, 3.7% է։
Եռամսյակային գնաճը՝ 2018 թվականը 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, գնաճը 3.3% է։
Իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գներն աճել են 2.5%-ով։
Հիշեցնենք, որ ԿԲ-ն նպատակադրում է հենց 12-ամսյա գնաճը, և պետբյուջեի հիմքում էլ դրվում է հենց այդ չափանիշը։
Ըստ ապրանքների երկնիշ դասակարգման՝ 12-ամսյա կտրվածքով ամենից շատ թանկացել է տրանսպորտը ապրանքախումբը՝ 9.8%-ով։ Սա պայմանավորված է հիմնականում տրանսպորտային միջոցների համար օգտագորվաղ վառելիքի գների աճով և անձնական օգտագործման փոխադրամիջոցների շահագործման թանկացմամբ։
Թանկացման առումով՝ երկրորդ տեղում հագուստի և կոշիկի ապրանքախումբն է, որի գներն աճել են 6.3%-ով։
Առողջապահության ոլորտի ծառայությունները թանկացել են 4.9%-ով, սննդամթերքի և ոչ ալկոհոլային ապրանքների գները՝ 4.7%-ով, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գները՝ 3.7%-ով։
Նշենք նաև, որ սպառողական գների փոփոխությունները խիստ տարբերվում են՝ ըստ հանրապետության առանձին քաղաքների։
12-ամսյա կտրվածքով գնաճն ամենաբարձրը եղել է Երևանում՝ 4.1%: Գյումրիում գնաճը մարտին կազմել է 3.8%, Վանաձորում՝ 3.5%, Հրազդանում և Արտաշատում՝ 3.4%։
Ամենացածր գնաճը հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է Եղեգնաձորում՝ 2.1%: