Բաժիններ՝

Ապրելու արվեստ՝ Անդրե Մորուայից

Ձեզ ներշնչել են, որ հին բարոյական արժեքները մնացել են անցյալում, սակայն դա այդպես չէ: Եթե ուշադիր լինեք ժամանակակից մարդու նկատմամբ, ապա բառային խառնաշփոթի տակ կհայտնաբերեք բոլոր ժամանակների մարդուն:

Գրողները շեփորահարում են դասական մշակույթի վերջի մասին: Նրանք ասում են, որ փաստերն անբեկանելի են, ու 20-րդ դարն ավարտեց մարդկության զարգացման հինգհազարամյա ընթացքը, մեծագույն դասական մշակույթների դարաշրջանը, և մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին, որը ոչ մի նմանություն չի ունենա նախորդի հետ:

Նոր հոգի նոր մարմնո՞ւմ: Չկա նման բան: Ես չեմ հավատում ոչ մի նոր մարմնի: Իսկ ինչ վերաբերում է հոգուն, ապա բարոյական արժեքները ծեր բարոյախոսների անմիտ հայտնագործությունը չեն: Դրանք հենց արժեքներ էլ կոչվում են, քանզի առանց դրանց հնարավոր չեն ոչ հասարակության հետագա զարգացումը, և ոչ էլ երջանիկ կյանքը: Ես ձեզ կհիշեցնեմ մի քանի՝ աշխարհի չափ հին ճշմարտություններ, որոնք չեղարկել ի վիճակի չեն ոչ տեխնիկական առաջընթացը, ոչ էլ նիհիլիստական փիլիսոփայությունը:

Նախ և առաջ՝ չի կարելի ապրել միայն ինքդ քեզ համար:

Կարդացեք նաև

Մտածելով միայն ինքն իր մասին` մարդը միշտ էլ իրեն դժբախտ զգալու 1000 պատճառ կգտնի: Նա երբեք չի արել այն ամենը, ինչ ուզել է և պետք է աներ, երբեք չի ստացել այն, ինչին իր կարծիքով՝ արժանի է եղել, հազվադեպ է սիրված եղել այնպես, ինչպես երազել է: Անընդհատ մտածելով իր անցյալի մասին` նա միայն ափսոսանքի զգացում ու խղճի խայթ կզգա, սակայն երկուսն էլ անիմաստ են:

Մեր սխալները դատապարտված են մոռացության մատնվելու. Ոչ մի այլ բանի դրանք արժանի չեն:

Անցյալը ջնջել, միևնույն է, հնարավոր չէ, ավելի լավ է` փորձեք ստեղծել ներկան, որով դուք հետագայում կարող եք հպարտանալ:

Ինքդ քեզ հետ անհաշտ լինելը բոլոր չարիքներից վատագույնն է:

Յուրաքանչյուր ոք, ով ապրում է ուրիշների համար, իր երկրի, կնոջ, արվեստի, քաղցածների կամ հալածյալների համար, ասես ինչ-որ կախարդանքով մոռանում է իր վշտի, ձանձրույթի և կենցաղային մանր անհաջողությունների մասին:

Ճշմարիտ արտաքին աշխարհը ճշմարիտ ներաշխարհն է:

Երկրորդ կանոնը: Պետք է գործել:

Աշխարհի անհասկանալիության վերաբերյալ բողոքելու փոխարեն՝ փորձենք վերափոխել այն անկյունը, ուր այս պահին մեզ նետել է ճակատագիրը: Մենք ի վիճակի չեն փոխել Տիեզերքը և չենք էլ ձգտում դրան: Մեր նպատակներն ավելի հասանելի ու պարզ են` զբաղվել քո գործով, ճիշտ ընտրել զբաղմունքը, խորապես ուսումնասիրել այն ու հասնել վարպետության:

Յուրաքանչյուրն իր գործունեության դաշտն ունի: Ես գրքեր եմ գրում, մեկը կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, մյուսը գրապահարան է սարքում, ինժեները հաշվարկներ է կատարում, քաղաքապետը ղեկավարում է քաղաքային տնտեսությունը:

Եթե մարդը կատարելապես տիրապետում է ինչ-որ արհեստի, աշխատանքը նրան ուրախություն է բերում: Անգամ ազատ ժամանակ մարդիկ ձեռքերը ծալած չեն նստում: Նրանք զբաղվում են այնպիսի, թվում է, թե անօգուտ գործունեությամբ, ինչպիսին սպորտն ու խաղերն են: Ռեգբիստը, օրինակ, երջանիկ է, անգամ, երբ մրցակիցը նրան նետում է ցեխի մեջ: Ինչ վերաբերում է օգտակար գործերին, ապա մենք ուրախանում ենք դրանց արդյունքներով:

Գործունյա քաղաքապետը հետևում է քաղաքի կարգուկանոնին, գործունյա սրբազան հայրն իր հավատավորներին ճիշտ ուղու վրա է դնում, և երկուսն էլ հաճույք են ստանում իրենց աշխատանքի պտուղներից:

Երրորդ կանոնը: Պետք է հավատալ կամքի ուժին:

Ճիշտ չէ, որ ապագան ամբողջովին կանխորոշված է: Մեծագույն մարդը կարող է փոխել պատմության ընթացքը: Նա, ով ցանկանալու խիզախություն ունի, կարող է փոխել իր ապագան: Անկասկած, մեզնից ոչ ոք ամենազոր չէ, և մարդկային ազատությունն էլ իր սահմաններն ունի: Այն ապրում է հնարավորությունների ու ցանկությունների սահմանում:

Ես ի վիճակի չեմ խանգարել պատերազմին, սակայն իմ գրավոր ու բանավոր կոչերը, միլիոնավոր մարդկանց կոչերով բազմապատկված, կթուլացնեն պատերազմի սպառնալիքը:

Ես ի զորու չեմ ճակատամարտում հաղթել, սակայն կարող եմ խիզախ զինվոր լինել ու կատարել պարտքս: Ինքն իրեն արտոնություններ տալով` մարդը ծուլանում ու վախկոտություն է դրսևորում: Կամքի ուժով նա ստիպում է իրեն ջանք թափել, աշխատել խղճով ու հերոսական արարքներ գործել: Միգուցե հենց կամքն է բարեգործների թագուհին:

Պակաս կարևոր չէ և չորրորդ կանոնը: Պետք է հավատարիմ լինել:

Պետք է հավատարիմ լինել տված խոսքին, պարտավորություններին, ուրիշներին, ինքդ քեզ: Պետք է լինել այն մարդկանցից, ովքեր երբեք վատ վիճակի մեջ չեն դնում այլոց: Դա հեշտ բան չէ: Մարդուն բազում փորձություններ են գայթակղում այդ ճանապարհին: Միգուցե դուք հարցնեք` այդ ինչպե՞ս:

Եթե ես ամուսնացել եմ կոկետ, ստախոս ու հիմար կնոջ հետ, ես չե՞մ կարող նրան թողնել: Եթե ես մասնագիտություն եմ ընտրել, իսկ հետո հիասթափվել եմ դրանից, չե՞մ կարող այն փոխել: Կամ եթե դարձել եմ մի կազմակերպության անդամ ու հետո համոզվել, որ այն բաղկացած է շահամոլ ոչնչություններից, չե՞մ կարող տեղափոխվել այլ կազմակերպություն` նախապես համոզվելով, որ այն ավելի արժանի անդամներ ունի: Կարող եք, իհարկե:

Հավատարմությունը կույր չպետք է լինի, սակայն նախապես ինքներդ պիտի համոզվեք, որ ձեր անհավատարմության հիմքում իսկապես սխալ ընտրությունն է ընկած, այլ ոչ թե՝ շահը կամ ամենասովորական քմահաճությունը: Այնուամենայնիվ, միշտ էլ կամ գրեթե միշտ կարելի է վերադաստիարակել կնոջը, արդյունավետ աշխատել ձեր իսկ ընտրած ոլորտում ու փոխել կազմակերպության ոգին: Հավատարմությունն ինքն է իր համար հող նախապատրաստում:

Հավանաբար կյանքի այս կանոնները ձեզ չափազանց խիստ կթվան և չափից առավել ընդհանրական: Ես դա հիանալի հասկանում եմ, սակայն ուրիշներին առաջարկել չեմ կարող: Ես չեմ պահանջում, որ ձեր կյանքն ապրեք խստակենցաղ ժուժկալի պես:

Ձեր մեջ հումորի զգացում զարգացրեք: Ընդունակ եղեք ժպտալ ձեր և իմ բառերին ու արարքներին: Եթե դուք չեք կարող հաղթահարել ձեր թուլությունները, հաշտվեք դրանց հետ, սակայն մի մոռացեք, թե ինչում է ձեր ուժը:

Ցանկացած հասարակություն, ուր քաղաքացիները մտածում են միայն պատիվների ու հաճույքների մասին, ցանկացած հասարակություն, որը թույլ է տալիս բռնություն ու անարդարություն, հասարակություն, ուր մարդիկ միմյանց նկատմամբ վստահության նշույլ իսկ չունեն, հասարակություն, որի անդամները ոչնչի չեն ձգտում, դատապարտված է:

Տեխնիկական առաջընթացը փոխում է գործունեության ձևերը, սակայն գործի նշանակությունն ու նրա պահանջմունքն անփոփոխ են մնում: Այդպես եղել է նախկինում, և այդպես կլինի միշտ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս