Բաժիններ՝

«Ի՞նչ են ուզում այս խեղճ ժողովրդից՝ մի կողմից իշխանությունները, մյուս կողմից՝ «ընդդիմությունը»: Երկու կողմից ընկել եք այս բզկտված ժողովրդի ջանին». Լալա Մնացականյանը՝ «Մերժիր Սերժին» շարժման մասին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Մարզերից դեպի Երևան 14 օր տևած քայլարշավը երեկ երեկոյան հանգրվանեց Ազատության հրապարակում, որտեղ հրավիրված հանրահավաքի ավարտին «Մերժիր Սերժին» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ տեղափխվեց քառօրյա նստացույցի՝ այս անգամ արդեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ցուցարարների հետ միասին շարունակում է շրջափակված մնալ մի շարք կենտրոնական փողոցներ:

Այսօր՝ նստացույցի երկրորդ օրվա կեսին իրականացված քայլերթի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող համախոհների հետ միասին մուտք գործեց Հայաստանի Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղի եթերի հնարավորություն:

Մինչ Ֆրանսիական հրապարակում շարունակվում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, 168.am-ը հեռախոսազրույցներ է ունենում մտավորականության ներկայացուցիչների հետ՝ լսում նրանց կարծիքներն ու դիրքորոշումը՝ ի՞նչ զարգացումներ կունենա և ինչո՞վ կավարտվի «Մերժիր Սերժին» շարժումը:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը մեզ հետ զրույցում մտահագություն է հայտնում՝ վերջին րոպեի՞ն են որոշում բողոքի ակցիա կամ հեղափոխություն իրականացնել, հետևաբար, մի՞թե սա լուրջ է.
«Եթե լուրջ պայքարի նպատակ ունեիք՝ ավելի շուտ սկսեիք: Եթե դուք ուզում եք պայքար սկսեք և հաղթեք, ապա գոնե մի քանի ամիս առաջ է պետք դա սկսել:

Չեմ հասկանում, սա ի՞նչ երեխայական խաղեր են, և դա՝ այն պարագայում, երբ ողջ ազգը գիտի, որ սկսած Սահմանադրական կարգի փոփոխությունների նախաձեռնումից, Սերժ Սարգսյանի նպատակը երրորդ անգամ իշխանության գալն ու մնալն է: Ի՞նչ է, բոլորն այդ մասին գիտեին, ես, որ քաղաքական գործիչ չեմ, վաղուց գիտեի, որ նրա նպատակը վարչապետ դառնալն է, և միայն Նիկոլ Փաշինյա՞նն էր անտեղյակ: Գիտեք, ով ինչ ուզում՝ անում է, բայց այս ամենի մեջ ես միշտ չեմ հասկացել մեր ընդդիմության որդեգրած վարքագիծը՝ անընդհատ կեսից սկսել և կեսից էլ ավարտել: Հիմա ինչի՞ դեմ է պայքարում Նիկոլ Փաշինյանը, երբ նա գիտեր, որ օրեր անց Սերժ Սարգսյանն անխոչընդոտ հայտնվելու է վարչապետի պաշտոնում: Հիմա ո՞րն է այս պայքարի նպատակը, երբ այսօր արդեն, ինչպես ասացիք, Հանրապետական կուսակցության կողմից Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվել է՝ որպես վարչապետի թեկնածու:

Ուրեմն, կարող ենք, չէ՞, ասել, որ ի դեմս մեր ընդդիմության, այստեղ լուրջ քաղաքական ուժ չկա: Հիմա ի՞նչ են ուզում այս խեղճ ժողովրդից, մի կողմից՝ իշխանությունները, մյուս կողմից՝ «ընդդիմությունը»: Երկու կողմից ընկել եք այս բզկտված ժողովրդի ջանին, ի՞նչ եք ուզում դուք, ի վերջո, այս տանջված ժողովրդից»:

Անդրադառնալով ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային ռադիո մուտք գործելու, ուղիղ եթեր պահանջելու փաստին, դերասանուհին մտահոգություն է հայտնում՝ ո՞ւր են տանում այս անգամ ժողովրդին.

«Եթե սա բեմադրություն է, ապա պետք է ասեմ՝ շատ վատ ներկայացում է, և ռեժիսորն էլ անշնորհք բեմադրություններ է անում: Ես արդեն չգիտեմ, թե ինչպես կարելի է փրկել Հայաստանը: Ամեն անգամ, երբ երկրից դուրս ես գալիս, ավելի ակնհայտ է դառնում պատկերը, որ երկիրդ սարսափելի վատ վիճակի մեջ է: Այս երկիրն այս վիճակից մի փոքր բարձրացնելու համար պետք էր ընդամենը ցանկություն: Ինչու այլ երկրներ վատ վիճակում չե՞ն եղել, բայց հաղթահարել են, չէ՞: Այս երկրում ոչ ոք ցանկություն չի հայտնում ներդրումներ անելու, ինչի՞ արդյունք է դա՝ համատարած անվստահության մթնոլորտի: Սա խոսում է այն մասին, որ այստեղ երկիր այլևս չկա: Բոլոր նորմալ երկրներում ընդդիմությունը ծառայում է մեկ նպատակի՝ որպեսզի իշխանությունը լավ աշխատի, ուրեմն, եթե իշխանությունը զգոն չէ և լավ չի աշխատում, ապա այդ տեսակ ընդդիմությունն ո՞ւմ է պետք: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին հուսախաբ անել: Ի վերջո, այս ժողովուրդը հո չի՞ հուսախաբվել վատ պայմաններից, բոլորովին ո՛չ, ընկերներ, այլ հույսի բացակայությունից ու անելանելիության փաստից է հուսախաբվել: Ի՞նչ է, հիմա էլ բեմադրել եք ժողովրդի մեջ ընդհանրապես կոտրել հույսը: Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ այս երկրում այլևս մարդ չի մնացել, թե՞ սա լավ ծրագրված, միտումնավոր և արդեն բացահայտ իրականացվող հայաթափության ծրագիր է, որ հրաշալի կերպով իրագործում են հենց հայերի ձեռքով, ուրիշ ասելիք չունեմ»:

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում երկրի ներսում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, փոփոխություններին, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանն ու առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ առաջադրվելու փաստին, ընտրվելու հնարավորությանը, և հետևաբար՝ սպասվելիք փոփոխությունների ակնկալիքներին, Լալա Մնացականյանը նկատում է՝ «Մի՞թե ձեզ պարզ չէ, որ ոչինչ չի փոխվելու, և դուք դեռ այդ հարցն ինձ տալի՞ս եք»:

«Ժողովուրդն ավելի է հուսահատվելու, արտագաղթը նոր թափ է հավաքելու: Մի խոսքով՝ այս ամենը՝ ներառյալ նաև փոփոխությունները, որոնք դուք թվարկեցիք, շատ ապաշնորհ բեմադրված ներկայացում է, և ես հույս չեմ տեսնում: Լուրջ անհատներ մեր երկրում, իհարկե, կան, և կարող է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անհատապես խելացի մարդ է, և նմանապես՝ շատ խելացի մտքեր ու մտադրություններ ունի, բայց որպեսզի այս երկրում ինչ-որ բան փոխվի, պետք է լուրջ մոտեցում, միջոցներ ու տարբերակներ ընտրվեն, ինչը, արդեն ասացի, տվյալ պարագայում ես, ցավոք, չեմ տեսնում: Հնարավո՞ր է արդյոք 30 տարի շարունակ նույն կոտրված տաշտակն ու մարդկային ճակատագրերը տեսնել: Մենք՝ արտիստներս, արդեն հիմնականում միայն դրսում ենք ելույթներ ունենում, և գիտե՞ք ինչու, որովհետև ժողովուրդը դրսում է՝ տեղյա՞կ եք այդ մասին»,- ասաց սիրված դերասանուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս