ԱԱԾ-ն հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր, ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով տեղափոխել, սակայն բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված ՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։ Քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ կեղծված թղթադրամները Է.Հ-ին իրացրել է Ագարակի բնակիչ Հ.Բ-ն, որի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 1700 ԱՄՆ դոլար արժողությամբ կեղծված թղթադրամներ:
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելը, պահելը և իրացնելը»), Հ.Բ-ին առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կեղծված փողերի ծագման աղբյուրը և հանցանքին հնարավոր առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։