Բաժիններ՝

Ուսուցիչների մասնագիտական զարգացման անտեսված բաղադրիչի մասին

Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր դեր ունեն որակյալ կրթություն ապահովելու գործում։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում դեռևս չկա ուսուցիչների հանդեպ համակարգված քաղաքականություն։ Չկան մասնագետներ, ովքեր կձևակերպեն մերօրյա ուսուցչի աշխատանքի առանձնահատկությունները։ Աշխարհը փոխվել է, փոխվել են երեխաները, փոխվել է մարդու ապրելակերպը, փոխվում են կառավարման մոդելները։

Այս փոփոխությունների համատեքստում ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն ուսուցչի աշխատանքում։ Այս հարցերի շուրջ քիչ ենք մտածում ու քայլեր անում։ Պարզապես համակարգիչներն ու ինտերնետը դասաժամին օգտագործելը, ուսումնական նյութը Power Point-ի սլայդներով ներկայացնելը բավարար չեն։

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել ինտերակտիվ, համագործակցային մեթոդների ուսուցումը։ Վարկային ծրագրերի շրջանակներում, միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով իրականացվել են ուսուցիչների բազմաթիվ վերապատրաստումներ։ Այդ վերապատրաստումների ժամանակ շեշտը դրվել է մեթոդների ու հնարների վրա։ Բայց սա էլ բավարար չէ։ Նոր մեթոդներ ու հնարներ սովորելը հարստացնում է ուսուցչի մասնագիտական զինանոցը, բայց դա բավարար չէ իրավիճակը փոխելու համար։

Նոր մեթոդներ և հնարներ իմացող ուսուցիչը շարունակում է մնալ տեխնիկական աշխատող, ով որոշակի առարկայի բովանդակություն է մատուցում սովորողներին և ստուգում է, թե որքանով են աշակերտները յուրացրել այն։ Միգուցե տոտալիտար հասարակարգերում այդքանը բավարար է, քանի որ ուսուցիչները չպետք է իմանան մեծ պատկերի մասին և պետք է իրենց վերապահված փոքրիկ դերը կատարեն դասարանում։ Բայց այսօրվա աշխարհում մենք չենք կարող առաջ շարժվել, եթե ուսուցիչները չգիտեն, թե ուսուցման մեթոդներից ու հնարներից այն կողմ էլ ինչ է պետք իմանալ ու անել։

Օրինակ՝ ուսուցիչների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է աշխատում երեխայի ուղեղը, ինչպես են տեղեկատվական հոսքերն ազդում երեխայի ուղեղի վրա։ Այս ոլորտում բազմաթիվ հետազոտություններ են արվել։ Կան բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ։ Բայց մեր ուսուցիչներին ոչ ոք այդ մասին չի սովորեցնում։ Կրթության ոլորտում, երեխայի ուղեղի աշխատանքի մասին գիտելիքներ չունենալը նույնն է, ինչ բժշկի՝ անատոմիայի չիմացությունը։

Շատ կարևոր է նաև ուսուցիչների մասնագիտական մտածողությունը, ուսուցողական տարբեր իրավիճակներում մասնագիտական որոշումներ կայացնելու հմտությունները զարգացնելը։ Ուսուցիչը չպետք է լինի ինդուստրիալ դարաշրջանի գործարանի աշխատող, ով սահմանափակվում է միայն գիտելիքներ փոխանցելով։ Այսօրվա ուսուցիչների զգալի մասը գիտելիքի փոստատարի աշխատանք է կատարում՝ աշակերտներին առաքելով դասագրքի հեղինակի մտքերը։

Մինչդեռ այսօրվա ուսուցիչը պետք է ունենա տարբեր դասարաններում, երեխաների տարբեր խմբերի հետ աշխատանքի ճիշտ ձևեր գտնելու հմտություններ։ Հենց սա է ուսուցչի մասնագիտական մտածողությունը՝ գտնել համապատասխան լուծումներ տարբեր իրավիճակներում, տարբեր դասարանների համար, գիտելիքների տարբեր մակարդակ ունեցող աշակերտների համար։ Որպեսզի ուսուցիչը դա անի, պետք է կարողանա ողջամիտ որոշումներ կայացնել։

Աշխարհի հայտնի ընկերություններից մեկը՝ Նորդստրոմը, իր աշխատողներից ընդամենը մեկ բան է պահանջում. «Բոլոր իրավիճակներում կայացնել ողջամիտ որոշումներ»։

Ամեն դաս, ամեն դասարան կենդանի օրգանիզմ է։ Ուսուցիչը պետք է ոչ միայն իմանա ուսուցման մեթոդներ և հնարներ, այլև ռեժիսորի նման կարողանա յուրաքանչյուր դասը դարձնել ինքնատիպ խաղ, հետաքրքիր պրոցես՝ գտնելով այդ մեթոդներն ու հնարները կիրառելու խելամիտ ձևերը։

Իսկ դրա համար ուսուցիչը պետք է կարողանա մասնագիտական դատողություններ անել այն մասին, թե որ դասարանում՝ կախված աշակերտների և թեմայի առանձնահատկություններից, ինչը լավ կաշխատի։ Հայաստանում շատերը մտածում են, որ ուսուցման լավագույն մեթոդներն ինտերակտիվ ուսուցման մեթոդներն են։ Բայց մասնագիտական վերջին հետազոտությունները վկայում են, որ այդպես չէ։

Օրինակ՝ եթե դասարանի ընդհանուր կրթական մակարդակը բարձր է, շատ լավ կարող են աշխատել նաև ուսուցման ավանդական մեթոդները։ Եթե դասարանը պատրաստ է բարդ խնդիրներ լուծելու, ապա կարելի է դժվար հաղթահարելի նյութերի վրա կենտրոնանալ։ Հասկանալի է, որ առարկայական մեթոդիստները չեն կարող այս հարցերը լուծել, քանի որ կրթության մեջ չկան ունիվերսալ լուծումներ։

Ամեն դասարան յուրօրինակ է, և միայն դասավանդող ուսուցիչը կարող է լուծումներ գտնել։ Բայց որպեսզի ուսուցիչը ճիշտ որոշումներ կայացնի, նա պետք է ուսուցման մեծ նկարը տեսնելու հնարավորություն ունենա։ Այստեղ է, որ մեզ պետք են մասնագետներ, ովքեր կկարողանան կամրջել ուսուցման մեթոդներն ու հնարները կրթության մեծ նպատակների հետ։

Բայց Հայաստանում շատ քիչ ենք խոսում կրթության մեծ նպատակների մասին։ Ամերիկացի գրող, փիլիսոփա Էյն Ռենդն ասում էր, որ գոյություն ունի մարդու անկման մեկ ձև՝ նպատակի կորուստը։

Անհնար է վերահսկել Հայաստանի շուրջ 38 հազար ուսուցիչների ամենօրյա աշխատանքը։ Դրա կարիքը չկա էլ։ Կարևոր է, որպեսզի ուսուցիչները չլինեն պարզապես դասատուներ, այսինքն՝ պարզապես դաս տվողներ։ Այսօր շատ դժվար է մարդկանց գաղափարախոսություններ, ռազմավարություններ պարտադրելը։ Նման իրավիճակում վճռորոշ են դառնում յուրաքանչյուր ուսուցչի մտածելու, դատողություններ անելու, որոշումներ կայացնելու որակները։

Որոշ ուսուցիչներ ինտուիտիվ ձևով հասկանում և կիրառում են այդ ամենը։ Բայց որպեսզի արդյունքը շոշափելի լինի, մեզ պետք է այդ ամենը սովորեցնել ուսուցիչներին։ Առաջիկայում օնլայն հարթակներն ուսուցիչներից վերցնելու են գիտելիքներ փոխանցելու աշխատանքը։

Բայց ինտերնետն ու օնլայն հարթակները երբեք չեն կարող ուսուցչից վերցնել դասարանը զգալու, հասկանալու և իրավիճակին համապատասխան մանկավարժական որոշումներ կայացնելու հմտությունը։ Աշակերտների հետ հարաբերությունների հենց այդ եզակիությունն է ուսուցչի աշխատանքը պաշտպանելու ավտոմատացումից։ Իսկ մեթոդներ ու հնարներ կարելի է գտնել ինտերնետային կայքերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս