Արտոնություններ են տրամադրվել ներդրումային ծրագրերին
Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի և գինու արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 860 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 87-100 աշխատատեղ՝ 195000 – 220000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,8 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ՝ կատարելով շուրջ 10,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 175 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունն որոշել է նույն արտոնությունը տրամադրել նաև «Անիտեքս» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է ք. Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 200 աշխատատեղ` 2018-2020 թթ. 189 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տնտնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը նշել է, որ այս տարվա ընթացքում ներդրումային ծրագրերի շրջանակում ոլորտում նախատեսվում է ստեղծել մոտ 5-7 հազար նոր աշխատատեղ: