Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը հետաձգված է, բայց ոչ չեղարկված
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ արդեն ապրիլի լույս 12-ի գիշերն սպասվող ռազմական գործողությունը հետաձգված է, բայց դրա հետ մեկտեղ չեղարկված չէ: Երբ նրանք հարված կհասցնեն եւ ինչ կերպ դա կարվի, առայժմ անորոշ է մնում։
Սակայն Սիրիայի շուրջը լարվածության աստիճանը ապրիլի 11-ի երեկոյան դեմ սկսել է նվազել: Առաջինը լավ նորությունները հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, ով հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ գնահատում է Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհի ապացույցները:
Նախարարի խոսքով՝ ամերիկացի զինվորականները պատրաստ են «նախագահի հայեցողությանը տրամադրելու (գործողությունների) ռազմական տարբերակները, եթե դրանք տեղին լինեն»: Այս հայտարարությանն արձագանքել են նաեւ շուկաները. ռուբլին, որը վերջին երեք օրը լրջորեն «ընկել էր» դոլարի եւ եվրոյի նկատմամբ, երեկոյան այդ արժույթների նկատմամբ հարաբերվում էր թեթեւակի պլյուսով: Ավելի ուշ նաեւ Սպիտակ տունն է հասկանալ տվել, որ առաջիկա ժամերին ռազմական գործողության սպասել չարժե:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսի խոսքով՝ Թրամփը վերջնական որոշում չի ընդունել Սիրիային հարված հասցնելու մասին, քննարկվում են պատասխան գործողությունների ինչպես եղանակի, այնպես էլ դրա ժամանակի զանազան տարբերակներ:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ այս հարցի շուրջը կոնսուլտացիաները շարունակվում են: Սակայն Սպիտակ տնից, բացի հարաբերականորեն դրական հայտարարություններից, վերստին նաեւ կոշտ հռետորաբանություն է հնչել Ռուսաստանի հասցեին: Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը գտնում է, որ Սիրիան ու Ռուսաստանն են պատասխանատվություն կրում (Սիրիայի Դումա քաղաքում) այդ գրոհի համար»: Դեռ ավելին, Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում հնարավոր հարվածը նաեւ Սիրիայում ռուսական ուժերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: