5 վատագույն մթերք, որ շատերի նախաճաշի մասն են կազմում
Նախաճաշը չափազանց կարևոր է թե երեխաների, թե մեծահասակների համար, սակայն նույնքան կարևոր է, թե ինչ եք օգտագործում նախաճաշին։ Առողջ նախաճաշը մի շարք առավելություններ ունի՝ հնարավորություն է տալիս վերահսկել քաշը, արագացնել նյութափոխանակությունը, լավացնում է կենտրոնանալու, արդյունավետ աշխատելու կարողությունները, դրական է ազդում առողջության վրա։ Բայց նախաճաշին սխալ մթերք օգտագործելը նույնքան վնասակար է, որքան այն բաց թողնելը։ Fithacker.ru-ն ներկայացրել է 5 վնասակար մթերք, որոնցով շատերն են սկսում իրենց օրը։
Շաքար պարունակող հացահատիկ։ Հատիկավորները նախաճաշի իդեալական տարբերակ են, բայց շուկայում վաճառվողները մեծամասամբ օգտակար չեն առողջությանը։ Դրանք համեղ են, բայց օգտակար չեն, քանի որ շաքար և արոմատիզատորներ են պարունակում։ Այս մթերքն օգտագործելու դեպքում օրգանիզմն ավելորդ շաքարը վերածում է ճարպի։ Մշակման չենթարկված հատիկավորները, հակառակը, օգտակար են օրգանիզմին, քանի որ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ են պարունակում։
Մրգային հյութ։ Բնական մրգային հյութը, իհարկե, նախաճաշի լավ տարբերակ է, սակայն մշակված հյութերը մեծ քանակով շաքար, կոնսերվանտներ են պարունակում, ցածր սննդարար արժեք ունեն, առողջ բջջանյութ, ֆերմենտներ, հանքանյութեր, վիտամիններ ու հակաօքսիդանտներ չեն պարունակում։ Ընդհանրապես մրգերից առավելագույնս օգուտ ստանալու նպատակով խորհուրդ է տրվում նախապատվություն տալ ամբողջական մրգին, ոչ թե հյութին։
Բեկոն։ Վստահ եղեք, որ բեկոնը մեծ քանակով հագեցած ճարպեր, նատրիում և նիտրիտներ է պարունակում։ Դրա օգտագործումը կարող է մեծացնել սրտանոթային և մի շարք այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Մեծ քանակով հագեցած ճարպեր պարունակող մթերքի օգտագործումը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին՝ այլ առողջական խնդիրների պատճառ է դառնում։
Հատիկավորներով պատրաստված բատոններ։ Սրանց մեծ մասը մեծ քանակով կալորիաներ, շաքար, անառողջ հագեցած ճարպեր ու աղեր են պարունակում։ Դրանք արագ են յուրացվում, քաղցը հագեցնում են շատ կարճ ժամանակով։
Փքաբլիթ։ Սրանք թեև համեղ են, բայց նախաճաշի վատագույն տարբերակն են։ Տապակած բլիթները մեծ քանակով շաքար, ալյուր, տրանս-ճարպեր են պարունակում։ Դրանց օգտագործման արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել քաշի նկատելի ավելացման, դիաբետի զարգացման։ Բացի այդ՝ փքաբլիթները պատրաստվում են սպիտակ ալյուրից՝ պարզ ածխաջուր, որը գրեթե բջջանյութ չի պարունակում։ Այն կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար, օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, վերահսկել շաքարի մակարդակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը