Արցախը կանանց համար ամենաանվտանգ երկիրն է աշխարհում. գերմանական Spiegel- ի լայնածավալ հոդվածը ԼՂ կանանց մասին
Թեպետ Կովկասներում գտնվող Լեռնային Ղարաբաղի փոքր հանրապետության հասարակությունում տիրում է հայրիշխանությունը, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ կանայք են պաշտոններ զբաղեցնում երկրի կառավարության, դատարանների ու համալսարանների ղեկավար պաշտոններում. զարգացումները փոխել են երկիրը: Այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Spiegel պարբերականը «Կանանց աշխարհը Կովկասում. Լեռնային Ղարաբաղի մեծ փորձարկումը» խորագրով լայնածավալ հոդվածում:
«Կովկասում կինը կանգնած է նկուղում: 40-ն անց կինը կրում է ջինս, նրա սև վարսերը թափվում են ուսերին: Նա ցույց է տալիս այն անկյունը, որտեղ ժամանակին «սեղմվել էր» ընտանիքի հետ, ապա մատնանշում է աստիճանները, որտեղ գնդակը խոցել է նրա եղբոր մարմինը: Այնուհետև ցույց է տալիս այն տուփը, որից հանում էր Կալաշնիկովի ավտոմատն ամեն անգամ, երբ հայրը գնում էր ռազմաճակատ:
Կինը, որն անցնում է նկուղով` մի վայրով, որը նախքան ռումբի ապաստարան դառնալն օգտագործվում էր մթերքի պահպանման համար, Արմինե Ալեքսանյանն է՝ Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարարը»,- գրում է լրատվամիջոցը՝ արձանագրելով, որ նա հզոր ու հպարտ կին է:
Spiegel-ը նշում է, որ պատմական հնարավորության շնորհիվ նա զբաղեցրել է մի պաշտոն, որը այլ պայմաններում չէր կարողանա ունենալ՝ առավել ևս այնպիսի «մաչո-հանրապետությունում», որտեղ տղամարդիկ են զինվորականները, սահմանի երաշխավորներն ու հրամաններ արձակողները:
«Շատ կանայք Լեռնային Ղարաբաղում ունեն իրենց կարիերան և անկախ կյանք են վարում, սակայն զերծ են մնում դա շարունակաբար իրենց տղամարդկանց ի ցույց դնելուց: Արդյունքում անգամ եթե երկրում չկա խաղաղություն, խաղաղություն կա առնվազն գենդերների միջև և ընտանիքների ներսում»,- գրում է պարբերականը:
Այն անդրադառնում է Արցախի մշակույթի նախկին նախարարին՝ Նարինե Աղաբալյանին, ում պաշտոնավարման օրոք աշխատակազմի 80 տոկոսը կանայք էին: Ներկայում նա զբաղեցնում է կրթության նախարարի պաշտոնը: Լրատվամիջոցը գրում է, որ սկզբում Աղաբալյանն աշխատում էր որպես հեռուստատեսության լրագրող, հաղորդում էր պատերազմի, կորուստների մասին, սակայն շուտով որոշում է կայացնում ընտրել կարիերայի նոր ուղի, մուտք է գործում քաղաքականություն: «Չնայած ղեկավար կազմում կանանց մեծ թվի առկայությանը՝ դուք երբեք չեք լսի ոչ կանանցից, ոչ տղամարդկանցից պատմություններ այն մասին, որ կանայք ստիպված են հանդուրժել հրամայական վերաբերմունք գործընկեր տղամարդկանց կամ առհասարակ տղամարդկանց կողմից»,- նշում է Spegel-ը՝ մեջբերելով նախարար Աղաբալյանի խոսքերն այն մասին, որ Արցախի կանայք ծանոթ չեն բռնությանը: Նա հպարտորեն ընդգծել է, որ չի կարող վերհիշել մեկ այլ երկիր, որը կանանց համար կլինի ավելի անվտանգ, քան Արցախն է: