
«Այն անձինք, որոնք պատկերացնում էին Հայաստանը՝ իբրև Իսրայել, Հայաստանը վերածեցին Պաղեստինի». ԿԲ նախկին նախագահ

«Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը գնում է, և ասում են՝ գնացողի հետևից շատ վատ բաներ ասել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիները՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ տնտեսության մեջ որևէ գլոբալ երևույթ չի կարելի միանշանակ լավ կամ վատ գնահատել. «Ես կարող եմ անդրադառնալ բերված ցուցանիշներին, թե ինչ կար, և ինչին եկանք: Ցավոք, այդ արդյունքների մասով՝ մի քիչ բացասական էր: Այս 10 տարիների ընթացքում փաստորեն աճ չենք ունեցել, արտաքին պարտքն այդքան մեծացել է»:
Բ. Ասատրյանը գտնում է՝ այն անձինք, որոնք պատկերացնում էին Հայաստանը՝ իբրև Իսրայել, Հայաստանը վերածեցին Պաղեստինի՝ աշխարհից մեկուսացված, աղքատ, և այլն: Ըստ նրա՝ դրականն այն է, որ քաղաքական տեղաշարժերի պարագայում «այս մարդկանց խումբը» կփորձի վերագնահատել այս 10 տարիների զարգացումները:
Տնտեսագետը նաև դրական գնահատեց արտահանման ծավալների աճը, արդյունաբերության տեսակարար կշռի աճը ՀՆԱ-ի մեջ. «Դրական էր նաև Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն պաշտպանիչ միջոց է լինելու այն բացասական իմպուլսներից, որոնք գալիս են Հյուսիսից»: