Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-ի) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։ Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, և կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր.«Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։ Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այդ գործընթացում»։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ասել է. «Երբ 2002թ.-ին սկսեցինք աշխատել Հայաստանում, երկրում չէր մնացել ոչ մի ընձառյուծ։ Ձեռնարկված առաջին քայլերից էր ընձառյուծի ապրելավայրերի վերականգնումը՝ որպես պահպանության պարտադիր միջոց: Մի քանի տարի անց արդեն գրանցեցինք առաջին հաջողությունն՝ ստանալով ֆոտոթակարդների կողմից արված ընձառյուծի նկարներ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պարբերաբար հայտնաբերում էինք ընձառյուծի հետքեր, սակայն երբևէ չենք կարողացել նրան նկարահանել։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ կովկասյան ընձառյուծը վերադառնում է արգելոց: Սա հիանալի նորություն է, ինչը փաստում է, որ արգելոցում վիճակը կայուն է և առկա է պահպանության բարձր մակարդակ»։
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինին էլ իր հերթին շեշտել է. «Մենք հպարտ ենք, որ արդեն շուրջ 10 տարի աջակցում ենք Հայաստանի պահպանվող տարածքների հզորացմանը: Այս արական սեռի երիտասարդ ընձառյուծի առկայությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունք կարող է բերել համբերությունն ու անմնացորդ նվիրվածությունը բնության պահպանությանը: Այսօր իսկապես հպարտանալու առիթ է, ինչպես մեզ համար, այնպես էլ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի»:
2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
Caucasian Leopard in Khosrov Forest State Reserve
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում WWF-ի ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։«Հայաստանում Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրին աջակցելու համար կարող եք կատարել նվիրատվություն www.leopard.am կայքում։ For the first time in Khosrov Forest State Reserve's history a video of a Caucasian Leopard has been captured by WWF's trapcameras.If you wish to support "The Conservation of Caucasian Leopard in Armenia" project, you can make a donation in www.leopard.am web site.
Gepostet von WWF Armenia am Mittwoch, 11. April 2018