«Նախիջևանում արդեն 3 դիվիզիոն «Սմերչ» համակարգ կա. սա լուրջ վտանգ է Երևանի համար». Գևորգ Մելքոնյան

«Վերջին երեք տարիներին Նախիջևանի ուղղությամբ ոչ միայն կրակոցներն են ավելացել, այլ նաև ձեռք բերված նոր տեխնիկան Ադրբեջանը կուտակում է Նախիջևանի առանձին բանակային ստորաբաժանումներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Նախիջևանում արդեն 3 դիվիզիոն «Սմերչ» համակարգ կա։

Պատմաբանը հիշեցրեց՝ Նախիջևանից Երևան ուղիղ գծով 40-50 կմ է. «Բոլորս էլ հասկանում ենք, թե սա ինչ լուրջ վտանգ է ՀՀ մայրաքաղաքի համար։ Նախիջևանի ուղղությամբ կրակոցը ոչ միայն ՀՀ-ի դեմ է, այլև ՀԱՊԿ-ի, որից պետք է պահանջենք ավելի կոշտ հայտարարություններ՝ ՀՀ սահմանների նկատմամբ նման ագրեսիվ գործողությունների դեպքում»։

Մելքոնյանը նկատեց՝ եթե Ադրբեջանը գնում է դիկտատուրայի, սուլթանության, դա նշանակում է, որ վտանգն ավելի է մեծանում. «Բոլորս էլ գիտենք, որ Արցախյան պատերազմում մեր հաղթանակի ամենակարևոր գրավականներից մեկն էլ այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ շատ լուրջ ներքին քաղաքական բախումներ կային, և անգամ եղան դրվագներ, երբ բանակը Կիրովաբադից պետք է գար Արցախի դեմ կռվելու, գնաց դեպի Բաքու։ Եվ իմ մտահոգությունն այն է, որ որքան Ադրբեջանում իշխանությունն ավելի է ամրապնդվում, այնքան այդ երկրի մոնոլիտ վիճակը մեզ ավելի է մտահոգում՝ ռազմական գործողությունների առումով»։

Արցախյան հարցը, ըստ նրա՝ այս պահին պայմանավորված է սիրիական գործոնով. «Եթե Սիրիայում մեծ պետությունները կոնսենսուսի չգան, իսկ ինչպես տեսնում ենք՝ կոնսենսուսի չեն գալիս, և իրավիճակն ավելի է սրվում, ես չեմ բացառում, որ այս իրավիճակից, հնարավոր է՝ օգտվեն, և արդեն ռազմական գործողությունները տեղափոխվեն Հարավային Կովկաս։ Սա ամբողջական շղթա է, որը պետք է աշխատի։ Արցախյան պատերազմը, ռազմական գործողությունները երբեք հենց այնպես չեն, դրանք շղթայի մասեր են, և հիմա այդ վտանգը տեսնում ենք այն առումով, որ, եթե Սիրիայում շարունակվեց խորանալ հակամարտությունը, ապա հնարավոր է՝ նաև Հարավային Կովկասում ռազմական գործողությունների նոր օջախ առաջանա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս