
Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս ԵՄ-ից ստանալ վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը

Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: ԱԺ-ում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
«Այդ ծրագիրն իրենից նեկայացնում է բարեփոխումների գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրերի տարրերի քննարկմանը և արդեն իսկ ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք մաս են կազմելու այդ ծրագրին»,- նշեց Նազարյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման մասին երկխոսության մեկնարկը տալու նախապայման հանդիսացող քայլերի իրականացումը:
Նազարյանը հույս հայտնեց, որ դա կարժանանա ԵՄ-ի արժանի գնահատականին: