Ձևով՝ նոր, բովանդակությամբ՝ հին Հայաստան

Երեկվանից Հայաստանն ամբողջությամբ անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի. ավարտվեց Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդման արարողությամբ ստանձնեց նախագահի լիազորությունները, հրաժարական ներկայացրեց գործող կառավարությունը։

Մեկ շաբաթ անց՝ խորհրդարանում վարչապետի ընտրությամբ այս գործընթացն ավելի ամբողջական կդառնա։ Այլ խոսքով, երեկվանից ու առաջիկայում մենք ապրելու ենք նոր Հայաստանում, քաղաքական հարաբերությունների, իշխանական համակարգի միանգամայն նոր պայմաններում։

Առաջիկա ամիսներն ու գուցե տարիները Հայաստանի համար լինելու  են անցման ժամանակաշրջան, քանի որ ապրիլի 9-ով ու ապրիլի 17-ով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ձևով, բայց ամենևին ու տակավին՝ ոչ բովանդակությամբ։ Հայաստանը շարունակում է ու դեռևս շարունակելու է ապրել իշխանության ներքին կառուցվածքի, ներքին հարաբերությունների, քաղաքական ողջ համակարգի ներքին կապերի նախկին՝ հին բովանդակությամբ։ Առայժմ փոխվել են միայն խաղի ֆորմալ կանոնները, սակայն խաղի բովանդակությունը մնացել է նույնը ու, անկեղծ ասած, դեռևս տեսանելի հեռանկար չի նշմարվում, որ այդ բովանդակությունը կարող է էական, որակական փոփոխությունների ենթարկվել՝ համապատասխանելով նոր համակարգի ձևին ու կանոններին։

Ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ինչպես՝ իշխանությանն ու ընդդիմությանը, այնպես էլ՝ հասարակությանն ու հանրային կառավարման համակարգի բոլոր սուբյեկտներին։ Նոր իշխանության, լայն իմաստով՝ ոչ միայն իշխանության, այլև քաղաքական ընտրանու, այդ թվում՝ ընդդիմության ու հասարակության ակտիվ միավորների խնդիրը հենց քաղաքականության ու հանրային կյանքի բովանդակության համապատասխանեցումը պետք է լինի կառավարման նոր կարգին։ Այնինչ գոնե առայժմ մենք տեսնում ենք նույն դեմքերին, բայց, որ ավելի վատ է՝ հարաբերությունների նույն որակը, ինչ նախկինում։

Իշխանությունը շարունակում է իր կառուցվածքային փոփոխություններն անձերի մեխանիկանան տեղափոխություններով, ընդդիմությունը շարունակում է պայքարել տասնամյակների ընթացքում դատապարտված նույն մեթոդներով ու օրակարգով, հասարակությունն էլ ապրում է, թերևս, վերջին տասնամյակներում ամենապասիվ, ամենաիներտ վիճակում։ Քաղաքականության ձևի ու բովանդակության այս հակասականությունն ու անհամապատասխանությունը խորքում բավական վտանգավոր է, քանի որ շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել այնպիսի քաղաքական ճգնաժամերի, որոնք հանգուցալուծվում են ոչ թե սահմանադրությամբ ու կառավարման կառուցակարգերով, այլ ոչ քաղաքական ու վտանգավոր մեթոդներով, որոնց փորձը, ցավոք սրտի, Հայաստանն ունի։

Որքանով Հայաստանը կկարողանա հաղթահարել առաջին հայացքից անտեսանելի ու անշոշափելի այս մարտահրավերը, ինչը կհաղթանակի նոր ձևի ու հին բովանդակության պայքարում, ինչպիսին կլինի Հայաստանի նոր քաղաքական, հանրային օրակարգը։ Այս հարցերի պատասխաններից է կախված՝ նոր խորհրդարանական կառավարման համակարգը, անկախ հին ու նոր անձերից, Հայաստանի համար կունենա դրակա՞ն, թե՞ բացասական նշանակություն։

Տեսանյութեր

Լրահոս