Անարդյունավետ գնումներ, փոխկապակցած ընկերություններ. ՎՊ-ն բացահայտել է Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի խախտումները
ՀՀ պետական պաշտոնյաները շատ հաճախ փորձում են խուսափել պետբյուջեի կամ վարկային միջոցների ծախսման արդյունավետության մասին հարցերից` զարմացած հայացքով նայելով հարցը տվող լրագրողին, իբրև թե՝ ինչպե՞ս կարելի է գնահատել արդյունավետությունը: Սակայն այդ արդյունավետությունը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը կամ խիստ ցածր մակարդակը փաստում են Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները:
Անցած տարի ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել վերջին 3 տարում Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:
Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:
Գնման գործընթացներում կազմված նախահաշվային գների և մասնակիցների կողմից ներկայացված գնային առաջարկների միջև առկա զգալի տարբերությունները կարող են առաջացնել շուկայականից բարձր գներով ապրանքների ձեռքբերման ռիսկ, ինչպես նաև՝ ֆինանսական միջոցների սխալ պլանավորում հետագա գնումների համար, և հաճախ գնումները կատարվել են շուկայականից 50-100%-ով թանկ: Միաժամանակ պարզվել է, որ մատակարարվող ապրանքների վիճակը բնութագրող որևէ տեղեկություն տեխնիկական բնութագրերում չի ներառվել, ինչը հնարավորություն է տալիս հաղթող ընկերություններին` մատակարարել շահագործված, նախկինում արտադրված և ոչ ժամանակակից ապրանքներ:
Օրինակ` որոշ դեպքերում համայնքներին մատակարարվել է կարիքին չհամապատասխանող գյուղտեխնիկա, որոնք գնման օրվանից չեն շահագործվում, հետևաբար` ձեռքբերումը դառնում է անարդյունավետ: Գնման մրցույթներին առկա է մասնակցության և մրցակցության ցածր մակարդակ, ինչի վկայությունն է նաև այն, որ մրցույթներին մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերությունները, օրինակ` «Վեկար», «Կարկոմավտո», «Մեգնա», «Գալոպեր», իսկ ԳԾԻԳ-ի գնահատող հանձնաժողովի կողմից չի արգելվել փոխկապակցված ընկերությունների միաժամանակյա մասնակցությունը միևնույն սակարկությանը:
ՎՊ-ն արձանագրել է, որ չեն պահպանվել գնումների գործընթացի ընթացակարգային մի շարք պահանջներ, մասնավորապես` նախահաշիվներ կազմելիս շուկայական գները չեն ուսումնասիրվել, ստեղծվել են մրցակցության համար ոչ հավասար պայմաններ, և արդյունքում՝ խաթարվել է գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը: Քիչ չեն դեպքերը, երբ ստացված տրակտորները չեն շահագործվում գյուղգործիքների բացակայության պատճառով, կամ հակառակը` տրակտորի բացակայության պայմաններում ձեռք են բերվել միայն գյուղգործիքները: Ուսումնասիրված համայնքներում գյուղտեխնիկայի 45.8%-ը մատակարարումից հետո չի շահագործվել, իսկ օգտագործվող տեխնիկայի որոշ մասն էլ աշխատել է ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ:
ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: Այսինքն, փաստում է ՎՊ-ն, վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ: