Բաժիններ՝

Եվրամիության ֆինանսավորած ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող դրամաշնորհների առաջին փուլի մեկնարկը: Այս մասին տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայից՝ հավելելով. «Ծրագրի դրամաշնորհային փուլի նպատակը ծրագրի թիրախային 9 ոլորտում ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելն է կամ օժանդակել արդեն գործողներին՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման հարցերում։

Թիրախային 9 ոլորտներն են՝ արդարադատություն (1), մարդու իրավունքներ (2), հանրային ֆինանսների կառավարում (3), բիզնես (4), կրթություն (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում (6), գյուղատնտեսություն (7), տնտեսություն (8), Էներգետիկա (9):

Դրամաշնորհ ստանալու հայտ կարող են ներկայացնել առնվազն չորս ՔՀԿ-ից բաղկացած կոնսորցիումները` ինչպես նոր կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելու, այնպես էլ գործող կոալիցիաների (ցանցերի) միջոցով։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները պետք է լինեն ոչ առևտրային ու ոչ պետական կազմակերպություն և ունենան պետական գրանցում։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ներից առնվազն մեկը պետք է ավարտած լինի ծրագրի շրջանակում Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից ՔՀԿ-ների կարողությունների զարգացման համար կազմակերպված հավաստագրային ծրագիրը։

Այս փուլում ծրագիրը կօժանդակի մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումի` վերոնշյալ թիրախային ոլորտներից յուրաքանչյուրում ծրագրի իրականացման համար տրամադրելով 1 ենթադրամաշնորհ՝ 25 000 000 ՀՀ դրամի չափով:

Նախատեսվում է նաև երկրորդ փուլով դրամաշնորհների տրամադրում, որի մեկնարկը կլինի առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Այս փուլը ոչ մրցութային է և դրամաշնորհները (մինչև 8,5 միլիոն դրամ) տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց կողմից իրականացվող ծրագրերը կգնահատվեն արդյունավետ:

Ենթադրամաշնորհային ծրագրի մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս