Բաժիններ՝

Ֆրանսիացի երկաթուղայինների գործադուլից ֆինանսական կորուստները կկազմեն 720 մլն եվրո

Ֆրանսիան կարող է 720 միլիոն եվրո կորցնել երկաղութայինների համազգային գործադուլի հետեւանքով: Այս կանխատեսմամբ հանդես են եկել փորձագետներն՝ ամփոփելով «ռելսերի վրա ճակատամարտերի», ինչպես ապրիլի 4-ին ֆրանսիական թերթերն անվանել են տրանսպորտի գործադուլը, առաջին լրիվ օրվա արդյունքները։

Ինչպես հայտնել են ճյուղի առաջատար արհմիությունները, գործադուլն ընդմիջումներով կտեւի մինչեւ հունիսի 28-ը: Երկաթուղայինները, որոնք դժգոհ են պետության առաջարկած բարենորոգման նախագծից, մտադիր են այդ ժամանակամիջոցում գործադուլ անել ընդհանուր առմամբ 36 օր կամ շաբաթական երկու օր: Ֆրանսիայի Երկաթուղիների ընկերության (SNCF) ղեկավարության գնահատումների համաձայն՝ գործադուլի յուրաքանչյուր օրը պետության վրա կնստի ավելի քան 20 միլիոն եվրո:

Խոսքը վերաբերում է, սակայն, ինչպես հիշեցնում են փորձագետները, ընկերության սոսկ ուղղակի կորուստներին: Ձեռնարկությունների առջեւ կծառանա նաեւ զանգվածային ուշացումների կամ նույնիսկ իրենց տեղերում աշխատակիցների բացակայության խնդիրը:

Ապրիլի 3-ի օրվա վերջին արված հաշվարկներով՝ բողոքի ակցիաներին մասնակցել է երկրի երկաթուղայինների 34 տոկոսը: Սակայն այդ օրը որոշ ուղեգծերում չկար գնացքների մինչեւ կեսը: Պողպատե մայրուղիներում երթեւեկության ընդհատումները շատ ֆրանսիացիների հարկադրել են նստել ավտոմոբիլներ:

Դրա հետեւանքով մայրաքաղաքի միայն Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում ճանապարհներին խցանումների ընդհանուր երկարությունն իրիկնադեմին կազմել է 365 կիլոմետր: Գործադուլը լուրջ վնասներով է սպառնում նաեւ զբոսաշրջության ճյուղին: Երկաթուղայինների խոշորագույն գործադուլը համընկել է մյուս ճյուղերում բողոքի ակցիաների հետ:

Չորրորդ օրն է, ինչ գործադուլ է անում Air France ավիաընկերության անձնակազմի մի մասը, որն այժմ ապահովում է չվերթների սոսկ երկու երրորդը: Աստիճանաբար միանում են նաեւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս