Նիկոլ Փաշինյանի պատասխանն Էդմոն Մարուքյանին
«Ամսի 13-ին հրավիրված հանրահավաքն ամսի 13-ին չի ավարտվելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր թիմի հետ 14-օրյա քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Երևան: Քայլարշավը նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալու համար:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հոդված է հրապարակել, որում գրել է. «Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը»:
Ն. Փաշինյանն այսօր անդրադարձավ իր գործընկերոջ հոդվածի վերոնշյալ հատվածին. «Եթե այդպես է, ուրեմն՝ մենք արդեն ուշացել ենք, որովհետև «Ո՛չ թանկացումներին» շարժումը, որը նախաձեռնել էր «Ելք» դաշինքը, էլի փողոցային պայքարի տրամաբանություն էր, և, ըստ էության, մեզ չհաջողվեց թանկացումները կասեցնել և օրենդրական փոփոխություններ անել: Ուրեմն՝ եթե այդպես է, մենք պետք է նախ բացատրություն տանք, թե ինչո՞ւ ենք նախաձեռնել «Ո՛չ թանկացումներին» ակցիան, որի հեղինակներից մեկը եղել է մեր հարգելի գործընկերը»: