«Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ». կցուցադրե՞ն թուրինցիներն արժանի դիմադրություն
Չեմպիոնների լիգան վերադառնում է: Այսօր երեկոյան կմեկնարկեն ¼ եզրափակչի խաղերը: Առաջին խաղում սպասվում է արդեն դասական դարձած պաքար՝ «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»:
«Յուվենթուսն» այս տարի Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից է, սակայն մադրիդյան ակումբը ևս ունի իր տեղը ֆավորիտների ցանկում: Պարզ է մեկ բան՝ այս դիմակայության արդյունքում ֆավորիտներից մեկը լքելու է պայքարը:
«Յուվենթուս»
Թուրինյան ակումբն այս մրցաշրջանում ցուցադրում է շատ որակյալ ֆուտբոլ: Ալեգրիին հաջողվել է ստանալ այն, ինչ երազում են շատ մարզիչներ՝ ունենալ արդյունքներ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Իտալիայի առաջնության հերթական հաղթանակը սարերի հետևում չէ, հիմա մնում է լուծել հարցերը Չեմպիոնների լիգայում:
Բուֆֆոնը նշել է, որ մադրիդյան ակումբն այս խաղի ֆավորիտն է, սակայն իրենք անելու են ամեն բան այս անգամ մադրիդցիներին շրջանցելու համար:
«Ռեալ Մադրիդ»
Մադրիդյան ակումբի համար Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, քանի որ ներքին առաջնությունում 30 տուրերից հետո կատալոնական ակումբն առջևում է՝ ունենալով 13 միավոր ավելի:
Մադրիդցիները Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկն են: Անկախ Արքայական ակումբի խնդիրներից՝ այս մրցաշարում նրանք դեռևս չունեն ոչ մի խնդիր:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Թիմերի վերջին խաղը եղել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2017 թվականին: Մադրիդյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով:
- «Յուվենթուսը» տնային վերջին 16 խաղերում չի պարտվել
- «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնության վերջին 5 խաղերում
- Մադրիդյան ակումբը միջինացված բաց է թողնում 1,07 գոլ արտագնա մեկ խաղում:
Կանխատեսում
Թուրինյան ակումբը շատ վստահ է խաղում սեփական հարկի տակ: Տանը նրանք պարտվել են միայն «Լացիոյին»: Թուրինցիները, ինչպես միշտ, իրենց առաջ մեծ նպատակներ են դնում, ցանկանում են հասնել եզրափակիչ և վերջապես հաղթել:
Մադրիդյան ակումբի համար այս դիմակայությունում ընդունելի է միայն հաղթանակը, քանի որ սա միակ մրցաշարն է, որտեղ մադրդիցիներն ունեն հաղթանակի իրական հնարավորություն:
Սիրարփի Աղաբաբյան