«Լսումների ամբողջ իմաստը կորում է, դա նսեմացնում է լսում կազմակերպելու իրավունքը». Գևորգ Պետրոսյան
«Լսումների ամբողջ իմաստը կորում է, եթե հանձնաժողովը կամ խմբակցությունը լսումների արդյունքների հրապարակումը պետք է համաձայնեցնեն ԱԺ նախագահի հետ: Դա նսեմացնում է լսում կազմակերպելու իրավունքը: Ամեն հարցով չեն լսում հրավիրում: Այս տեսքով «Ծառուկյան» դաշինքը դեմ է»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգում փոփոխությունները քննարկելու ժամանակ:
ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի և Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած նախագծով նախատեսվում է խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկում ավելացնել Ազգային ժողովի նախագահին, իսկ լսումների արդյունքներն ամփոփող նյութերը հրապարակելու համար դրանք համաձայնեցնել ԱԺ նախագահի հետ:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը միացավ գործընկերոջ մտահոգությանը և նշեց, որ պարզ չէ, թե ինչպես է ստացվելու ԱԺ նախագահի համաձայնությունը` գրավո՞ր, բանավո՞ր, թե՞ այլ կերպ:
«Սուբյեկտի իրավունքը կարող է համաձայնության բացակայությամբ նսեմացվել»,- նկատեց նա: Ա.Հովհաննիսյանն առաջարկեց համաձայնությունը փոխարինել իրազեկմամբ, քանի որ մյուսների իրավունքը կախվածության մեջ է դրվում երրորդից:
Կ.Աճեմյանը չհամաձայնեց, որ որևէ նսեմացման հարց կարող է լինել, և պնդեց, որ ԱԺ նախագահը պետք է և կարող է այս նյութերը հրապարակելուն դրական վերաբերմունք ցույց տալ: Նա նշեց, որ առաջարկը կքննարկեն: