
Յուլյա Սկրիպալը թունավորվել է 185 հազար դոլարի հաշիվ մուտքի հնարավորություն ստանալուց հետո. DM

Յուլյա Սկրիպալը թունավորվել է այն բանից շատ չանցած, երբ 150 հազար ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 185 հազար դոլարի) չափով գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն է ստացել: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է Daily Mirror բրիտանական թերթը:
Այդ միջոցները, հրատարակության տվյալներով, ստացվել էին ՄԵծ Բրիտանիայում այն տան վաճառքից, որը պատկանում էր Յուլյայի եղբորը՝ Ալեքսանդրին, որը «անցյալ տարի չպարզված հանգամանքներում մահացել է Սանկտ Պետերբուրգում», ինչպես նաեւ նրա կնոջը՝ Նատալյային:
Նա էլ հենց այդ տունը վաճառել է ամուսնու մահից հետո: Ստացված փողի կեսը նա վերցրել է իրեն, իսկ մյուս կեսը դրել Է Ռուսաստանի բանկերից մեկում: Սերգեյ Սկրիպալը, ինչպես գրում է Daily Mirror-ը, այդ հաշվից օգտվելու հնարավորություն է ունեցել եւ փետրվարի վերջին այդ միջոցները տնօրինելու լիազորագիր է տրամադրել իր դստերը:
Մարտի չորսին բրիտանացի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային անգիտակից վիճակում գտել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում: Բրիտանական կողմը պնդում է, որ A234 նյութով Սկրիպալների թունավորմանը մեղսակից է Մոսկվան, Կրեմլը դա կտրականապես ժխտում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: