«Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայրենիքը ժողովրդինն է, հայ ժողովուրդն է որոշելու». Մովսես Հակոբյան

«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ էլի՞ կարծում եք, որ Լելե-Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մի անգամ նման հայտարարություն արել եք, նա այսպես պատասխանեց. «Ես նման հայտարարություն չեմ արել, եթե իմ խոսքը մեջ բերեք, ես կպատասխանեմ»։

Ճշտող հարցին՝ իսկ ե՞րբ է Լելե-Թեփեն վերադարձվելու, նա պատասխանեց՝ երբ դրա անհրաժեշտությունը լինի։

Ի պատասխան լրագրողների այն հարցի, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները դրանք համարում են անկարևոր տարածքներ, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, հայրենիքը ժողովրդինն է, հայ ժողովուրդն է որոշելու»:

Հարցին՝ երբ ասվում է, որ Լելե-Թեփեն ռազմավարական նշանակություն չուներ, այդ դեպքում ինչո՞ւ այդքան զինվորներ զոհվեցին դրա համար, նա նախ հարցով պատասխանեց. «Դուք եղե՞լ եք Լելե-Թեփեում, տեսե՞լ եք այդ բարձունքը, և ի՞նչ, որոշել եք, որ դա ռազմավարական նշանակությո՞ւն ունի։ Լելե-Թեփեն ռազմավարական նշանակություն չունի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ ինչքա՞ն ոչ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ ունենք, որ կարող ենք այդպես զիջել։ «Դա ձեր գնահատման առարկան չէ, և նպատակահարմար չեմ գտնում ձեզ այդպիսի գնահատականներ տալ՝ որ տարածքներն են ռազմավարական, որոնք՝ ոչ»,- արձագանքեց Հակոբյանը։

Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարություններին անդրադառնալով՝ նա ասաց, որ Ալիևն ամեն ինչ կարող է մտածել և ցանկանալ, բայց դա երբեք իրականություն չի դառնա։

Տեսանյութեր

Լրահոս