
Ֆրանսիան զինվորներ է ուղարկել սիրիական Մանբիջ

Ֆրանսիայի իշխանությունները 50 զինվորական են ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար: Այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի զինվորականները Մանբիջ են ժամանել 4 ինքնաթիռներով:
Նշվում է, որ զինվորականները կարող են Մանբիջ ուղարկված լինել ինչպես Սիրիայում գտնվող տարբեր ռազմաբազաներից այնպես էլ արտասահմանից:
Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել էր քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Անկարան հայտարարել է, որ այս պահանջի չկատարման դեպքում կարող է ռազմական գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում՝ Սիրիայի հյուսիսում իրականացված մյուս գործողությունների օրինակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: