Գյումրեցիների 67.2%-ին չի բավարարում քաղաքի մաքրության վիճակը
Գյումրիում աբահանությունն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը: Նախկինում՝ մինչև 2013 թվականը, այն իրականացրել են 4 կազմակերպություններ՝ ներառյալ՝ «Լուսափայլ քաղաք» և «Եղիկյան եղբայրներ» ընկերությունները, ովքեր Գյումրիում աղբահանությունը բավարար մակարդակով չէին իրականացնում:
«Լուսափայլ քաղաք» և «Եղիկյան եղբայրներ» ընկերությունները պատճառաբանում էին, թե Գյումրու քաղաքապետարանն իրականացված աղբահանման աշխատանքների դիմաց իրենց չի վճարում, այդ պատճառով դատի էին տվել քաղաքապետարանին: Այս կառույցի պատասխանատուներն իրենց հերթին՝ նշում էին, որ վերը նշված ընկերությունները որոշակի ժամանակահատվածում քաղաքում աղբահանություն չէին իրականացնում:
Աղբահանող կազմակերպությունների կողմից Գյումրիում աղբահանության ոչ բավարար մակարդակով իրականացումը պատճառ դարձավ, որպեսզի Գյումրու քաղաքապետարանը խզեր կապերը մասնավոր ընկերությունների հետ՝ այդ գործառույթն իր վրա վերցնելով: Դրանով, սակայն, վիճակն այս ոլորտում էականորեն չբարելավվեց:
Այժմ աղբահանության վերաբերյալ այլ խնդիրներ են ի հայտ գալիս:
Ըստ «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտության, Գյումրիում աղբամանների քանակը, ըստ տարբեր տարածքների, չի բխում բնակչության խտությունից:
Գյումրիում տարեկան բյուջետային ծախսերի 1.5%-ը (մոտ 49 մլն դրամ) ուղղվում է աղբահանությանը, իսկ սանմաքրման աշխատանքների իրականացմանը՝ ընդհանուր ծախսերի մոտ 6%-ը:
Չնայած բյուջետային հատկացումներին, գյումրեցիների մեծամասնությունը հիմա էլ գոհ չէ իրականացվող աղբահանության մակարդակից:
Գյումրու Շիրակացի փողոցում, Չերքեզի ձորում գտնվող աղբամաններից աղբի տեղափոխումը ժամանակին չի իրականացվում, դրանք երբեմն աղբով հագեցած են լինում: Այդ մասին են փաստում մեր կողմից արված որոշ լուսանկարներ:
Մեր համաքաղաքացիների շրջանում իրականացված հարցումները, «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները ևս վկայում են, որ Գյումրիում մաքրության տեսանկյունից վիճակը բավարար չէ:
Հարցվածների կեսից ավելիին` 67.2%-ին, չի բավարարում քաղաքի մաքրության այժմյան վիճակը, որոշակիորեն բավարարում է միայն գյումրեցիների 25.3%-ին, լիովին բավարարում՝ 7.6%-ին:
Բնակիչների ընկալմամբ` տեղական իշխանությունների կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում քաղաքի տարբեր հատվածների, մասնավորապես՝ կենտրոնական և ոչ կենտրոնական փողոցների հանդեպ: Եթե կենտրոնական փողոցների առումով գնահատականները համեմատաբար դրական են, ապա ոչ կենտրոնական փողոցների դեպքում գերակա են բացասական գնահատականները. այս հատվածներում աղբահանությունը լավ չի իրականացվում: Բնակիչների ընկալումները բացասական են նաև քաղաքի գետակների, դրանց ափամերձ տարածքների մաքրության կտրվածքով: Հարցվածների 42.0%-ը գնահատում է դրանց վիճակը շատ վատ:
Չնայած աղբահանության և փողոցների լուսավորության ոլորտում որոշակի տեղաշարժեր կան (2012 թվականին Գյումրու խոշոր թաղամասերում տեղադրվեցին պլաստիկ շշերի համար նախատեսված աղբարկղեր, մի շարք վայրերում աղբարկղերի շուրջ տեղադրվեցին բետոնային պատեր, և այլն), սակայն ոլորտի բարելավումից ակնկալվող արդյունքներն ակներև չեն:
Գյումրիում աղբահանության վարձերը թերի են հավաքագրվում, բնակիչները որոշ դեպքերում զլանում են վարձավճարները ժամանակին մուծել, քաղաքապետարանի՝ աղբահանության գծով տեսուչներն էլ ոչ միշտ են դրանք հավաքագրելու նպատակով այցելում համապատասխան թաղամասեր:
Աղբահանության իրականացումը Գյումրու քաղաքապետարանի կողմից գյումրեցիներին վճարովի ծառայության մատուցում է, սակայն համայնքապատկան կառույցն աղբահանության իրականացման վերաբերյալ բնակիչների հետ կնքված պայմանագրեր չունի, ինչպես, ասենք, «Վեոլիա ջուր» ընկերությունը՝ ջրամատակարարման մասին:
Արդյունքում՝ բարձիթողի վիճակ է ստեղծվում: Բնակիչներից ոմանք իրենց վրա պարտավորություն չեն զգում ժամանակին վճարել աղբահանության վճարները, քաղաքապետարանում գումարները քիչ են հավաքագրվում, ուստի անհրաժեշտ է Գյումրիում աղբահանության վճարները լիարժեք գանձել, ոչ թե բարձրացնել մեկ անձի համար սահմանված աղբահանության վճարը:
Սա է պատճառներից մեկը, որ Գյումրիում աղբահանությունը ոչ բավարար մակարդակով է իրականացվում: Արդյունքում՝ եղանակի տաքանալուն զուգահեռ, Գյումրիում գարշահոտությունն ավելի է տարածվում: Աղբակույտերով լի աղբարկղերում երբեմն «սանիտարական մաքրում» են իրականացնում ագռավները:
Անահիտ Սիմոնյան