«Կարող ենք Գյումրին կորցնելու վտանգի առջև էլ կանգնել». Գևորգ Մելիքյան

Ռուսական ռազմական ոստիկանության ներկայության արդյունքում, հնարավոր է՝ ռուս զինվորները դառնան ավելի հանդուգն։ Այսօր «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը։

«Հետաքրքիր է հասկանալ, թե որտեղից է գալիս նախաձեռնությունը. հայկական կո՞ղմն է դիմում ռուսական կողմին, թե՞ ռուսական կողմն է դիմում հայկական կողմին՝ նման առաջարկով։ Երկրորդ՝ ինչի՞ց է գալիս այս անհրաժեշտությունը, արդյո՞ք սա պայմանավորված է Պերմյակովի հետ կապված իրադարձության հետ, արդյո՞ք սա մոտավորապես նշանակում է, որ մյուս զինվորներն ավելի անկանխատեսելի են դառնում իրենց զորամասում, և դրա համար անհրաժեշտ է՝ հատուկ նոր ծառայություն լինի։ Երրորդ՝ հնարավոր չէ՞ր փորձել համատեղ ձևով այս խնդիրը լուծել և չունենալ առանձին զորամիավորում»,- ընդգծեց նա։

Գևորգ Մելիքյանը նկատեց՝ եթե իր զինվորների հետ կապված ռուսական կողմն ունի մտավախություններ և հայկական կողմը խնդիր չի տեսնում, որ ռուսական կողմի ներկայացուցիչները գան և այստեղ կարգուկանոն հաստատեն, արդյո՞ք այս նույն տրամաբանությամբ իրանական կողմը վաղը չի պնդի, որ Հայաստանում պետք է աշխատի կրոնական ոստիկանություն, որովհետև Իրանի քաղաքացիները միշտ չէ, որ իրենց ճիշտ են պահում։

Փորձագետի հետ համակարծիք չէր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը. «Կարծում եմ՝ նման համեմատությունը տեղին չէ, քանի որ նույնն էլ, ասենք, հայկական կողմը կարող է ասել Վրաստանին, թե մեր զբոսաշրջիկներն առավել շատ ձեզ մոտ են գալիս հանգստանալու, ծովափերին հայկական վերահսկողական գրասենյակներ տեղադրենք»։

Գևորգ Մելիքյանի մյուս մտահոգությունը կապված էր այն բանի հետ, թե ռուսական այս ոստիկանության ֆինանսական հարցերն ո՞վ է հոգալու. «Բացի այդ՝ ընդլայնելով ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում՝ արդյոք մենք չե՞նք գա մի կետի ու չե՞նք ունենա այն, ինչ եղավ Սևաստոպոլում»։

Նա մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է կանգնել Գյումրին կորցնելու վտանգի առջև, մանավանդ, որ Գյումրիից արտագաղթ կա, գյումրեցիներին ռուսական անձնագրեր են բաժանում, ուղիղ չվերթ կա դեպի ՌԴ, ՌԴ նախագահ Պուտինն էլ Հայաստան այցելելիս` Գյումրիում վայրէջք կատարեց. «Այսինքն՝ այդ ուղիղ միջանցքները մտահոգիչ են, Գյումրին սկսում է առանձնանալ Երևանից։ Ուզում եմ տեսնենք, թե ինչ ռիսկեր այստեղ ունենք»։

Գևորգ Մելիքյանը մի պատկերավոր օրինակ էլ բերեց` որևէ հայ քաղաքացի մոտենում է ռուս ՌՈ ներկայացուցչին ու նկատողություն անում իր ոչ կոռեկտ պահվածքի համար, նա էլ պտտվում և ասում է` դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ձեր երկրում մենք կղզի ենք, ու մենք ինքներս մեր հարցերը կկարգավորենք, դուք ընդհանրապես մի խառնվեք. «Այսինքն, ստացվում է` մեր օրենքներից վեր են սկսելու իրենց դասել»։

Տեսանյութեր

Լրահոս