Երեխաներին բիզնես աշխարհից պաշտպանելու խնդիր ունենք
Ժամանակակից աշխարհում ամեն բան բիզնեսի առարկա է դառնում, այդ թվում՝ երեխաները։ Եթե Կեմերովոյի առևտրի կենտրոնում երեխաների համար նախատեսված խաղային տարածքները լինեին առաջին հարկում, ապա զոհերի թիվը հաստատ այդքան մեծ չէր լինի։
Բայց պարզվում է, որ բիզնեսի շահերից ելնելով՝ այդ գոտիները կառուցվում են ամենավերևի հարկում, որպեսզի մինչև դրանց հասնելը ծնողներն անցնեն շատ խանութների կողքով, տեսնեն աննախադեպ զեղչերը և շատ գնումներ կատարեն։
Երեխաներին ուղղված բիզնեսն օրեցօր զարգանում է։ Դրան նպաստում է այն հանգամանքը, որ այսօրվա ծնողները, լինելով շատ զբաղված, քիչ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, ինչը փորձում են փոխհատուցել երեխաների վրա գումարներ ծախսելով։
Գումարներ ծախսելու պատրաստականության արդյունքում էլ առաջ են գալիս բազմաթիվ բիզնեսներ, որոնց մի մասն ուղղակիորեն վնասում է երեխաների զարգացմանը և կրթության գործընթացին։ Հաշվի առնելով ծնողների զբաղվածությունը, բիզնեսը փորձում է կապիտալացնել երեխաների հանդեպ ծնողների ունեցած հուզականությունը։ Հայաստանում էլ բազմաթիվ կազմակերպություններ փորձում են իրենց բիզնեսը զարգացնել՝ որպես սպառող տեսնելով երեխաներին։ Փոքր տարիքից երեխաները հայտնվում են տարբեր բիզնեսների ազդեցության տակ։
Օրինակ՝ գովազդային ինդուստրիան, որը երեխաներին կլանում է շենքի վերելակից սկսած՝ մինչև փողոցներ ու էկրաններ։ Հայաստանի հայտնի ընկերություններից մեկն ամռանը կոչ էր անում նոր ուսումնական տարին սկսել նոր սմարթֆոնով։ Սերիալների ինդուստրիան հատկապես կլանել է գյուղաբնակ երեխաներին։ Քանի որ գյուղերում գրեթե չկան արտադպրոցական հաստատություններ, ապա երեխաների զգալի մասն իր ազատ ժամանակն անցկացնում է սերիալներ դիտելով։
Բայց երեխաների վրա, թերևս, ամենամեծ ազդեցությունն ունենում են ինտերնետն ու սոցիալական ցանցերը։ Բիզնեսը հատկապես փորձում է ներթափանցել ուսումնական հաստատություններ, քանի որ Հայաստանի նման երկրում դա նշանակում է՝ ձեռք բերել շուրջ 500 հազարանոց շուկա։ Արդյո՞ք մեր կրթական համակարգն ու կառավարման համակարգն ունեն երեխաներին բացասական ազդեցություններից պաշտպանելու մեխանիզմներ։
Կրթության գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար այսօր կարևոր է ոչ միայն սովորելու միջավայր ստեղծելը, այլև երեխաներին բացասական երևույթներից պաշտպանելը։
Ցավոք, ընդհանուր առմամբ կրթական համակարգը ոչ միայն չի կատարում պաշտպանական գործառույթը, այլև հաճախ գործարքի է գնում այն բիզնեսների հետ, որոնք վնասում են երեխաներին։ 2011 թվականին Կալիֆոռնիայի կենտրոնական հատվածում գտնվող Զույգ գետեր շրջանում ֆինանսական ճգնաժամի արդյունքում էապես վատացել էր դպրոցների վիճակը։ Կրճատվել էին ոչ միայն արտադասարանական խմբակները, այլև դժվարություններ կային դպրոցների ջեռուցման հարցում։
Այդ օրերին դպրոցի աշակերտներից մեկը լուսանկարել էր դպրոցի ջերմաչափը և տարածել։ Ջերմաչափը ցույց էր տվել +7 աստիճան։ Մի քանի օր հետո տարածքի կրթության բաժին են այցելում Կրթության ֆինանսավորման գործընկեր կազմակերպության ներկայացուցիչները և հայտնում, որ պատրաստ են շրջանի դպրոցներին տարեկան առնվազն 500 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերել։
Նվիրատվության դիմաց ընկերությունը խնդրում էր թույլ տալ դպրոցներում տեղադրել տարբեր կորպորացիաների գովազդներ։ Նույն ընկերությունը բիզնես ընկերություններին հայտնել էր, որ իրենք դպրոցի դռները բացում են կորպորացիաների համար, և վերջիններս կարող են իրենց գովազդները տեղադրել դպրոցներում։ Այս հարցը մեծ բանավեճերի տեղիք տվեց, բայց դպրոցները, ի վերջո, բացեցին իրենց դռները գովազդատուների առջև։ Այսօր բազմաթիվ դպրոցներում կան գովազդային էկրաններ։ Ավելին, դպրոցներից մեկում երեխաների առաջադիմության թերթիկի վրա McDonalds-ի գովազդն է։
Վերջին շրջանում Հայաստանի դպրոցներ մուտք գործելու հավակնություններ ունի «Չումբո» նախաձեռնող խումբը, որն անցած տարի կարողացավ ստանալ պատկան մարմինների համաձայնությունը և տասնյակ-հազարավոր աշակերտների համար կազմակերպեց դիսկոտեկներ, որոնց ընթացքում երեխաներին վաճառվեցին անառողջ սնունդ և ըմպելիքներ։
Այս տարի այդ խումբը ցանկանում էր իր հսկողության տակ վերցնել ժամանցային և դպրոցական միջոցառումների կազմակերպումը։ Իհարկե, «Չումբոն» միակը չէ։ Հայաստանում գործող տարբեր ընկերություններ փորձում են իրենց արտադրանքը, ծառայությունները վաճառել ուսումնական հաստատություններին։ Եվ այստեղ շատ կարևոր է նախարարության սկզբունքայնությունը։
Կասկածելի արտադրանքի և ծառայությունների պարագայում ոչ մի դեպքում չարժե զիջումների գնալ, նույնիսկ, եթե բիզնեսը փորձում է բարեգործի դիմակով մուտք գործել ուսումնական հաստատություններ։
Բիզնես ինդուստրիան ամեն ինչ անում է երեխաների ուշադրությունը գրավելու համար։ Ուշադրությունը ժամանակակից աշխարհում առևտրայնացվել է, և ի հայտ են եկել ուշադրության առևտրականներ։ Կարելի է ասել, բիզնես ինդուստրիան փորձում է գրավել երեխաների ուշադրությունը՝ ծնողների գրպանից գումարներ հանելու նպատակով։
Ուսուցիչները չեն կարողանում արդյունավետ աշխատել աշակերտների հետ, քանի որ կորպորացիաները, զանգվածային մշակույթի ինդուստրիաները գրավել են երեխաների ուշքն ու միտքը։ Երեխան դասի է նստած, բայց նրա ուշքն ու միտքն ուրիշ տեղ է։ Փորձ է արվում հասարակությունը դարձնել խանութ, իսկ մարդկանց՝ այդ խանութի մշտական հաճախորդներ։
Եթե սպառողականության հաղթարշավը շարունակվի, երեխաների ներուժը պատշաճ ձևով չի զարգանալու, ինչը բերելու է որակյալ աշխատուժի, քաղաքացիական որակների անկման։ Ըստ ԼԵԳՈ ընկերության անցկացրած հետազոտությունների՝ 5 տարեկան երեխաների 98%-ը ստեղծագործական առաջադրանքները կատարում է ամենաբարձր մակարդակով։ Մինչդեռ 10 տարեկան երեխաների միայն 30%-ն է հաղթահարում այդ շեմը։