«Սարքերն այնքան հին են, որ նույնիսկ չեմ կարող հիշել, թե որ թվականի». Ինչ վիճակ է մարզային լաբորատորիաներում
Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյ հանձնելու և մեզի անալիզի պատասխաններ ստանալու աղմկահարույց պատմությունից հետո «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակում են մարզային լաբորատորիաները, երբ են վերջին անգամ հագեցվել նոր սարքավորումներով, ինչ խնդիրներ ու կարիքներ ունեն:
Մարզային որոշ հիվանդանոցներում լաբորատորիաների աշխատանքից գոհ են այնքանով, որքանով հնարավոր է հին սարքավորումներով: Որոշները վերանորոգվել և համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով, մյուսների հերթը դեռ պարզ չէ, թե երբ կհասնի: Գործակալությունը պարզաբանումներ է ստացել նաև պատասխանատու մարմիններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, Չափագիտության ազգային ինստիտուտից և Առողջապահական տեսչական մարմնից:
Աշտարակի հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը նշում է՝ հիվանդանոցը համալրվել է բիոքիմիական անալիզատորներով: 2016-ին ստացել են նաև մարզում ՁԻԱՀ-ի ախտորոշման միակ սարքավորումը:
«Դրանից առաջ նման սարքավորում չենք ունեցել: Դրանից հինգ տարի առաջ էլ ստացել ենք անալիզատորները: Իմ պաշտոնավարության ընթացքում բնակիչներից եղել է միայն գոհունակություն: Չեն արձանագրվել անալիզների սխալ պատասխաններ: Ողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նոր սարքավորումներ են ստեղծվում, մենք էլ կուզեինք ունենալ: Սակայն մեր ունեցածը լիովին բավարարում է այսօրվա պահանջներին` և դիագնոստիկայի և ժողովրդին սպասարկելու առումով»,-ասաց նա:
Արարատի մարզի Վեդիի հիվանդանոցի տնօրեն Մելքոն Տալոյանի խոսքով՝ հիվանդանոցի լաբորատորիան 3 տարի առաջ համալրվել է երկու նոր սարքով, սակայն արյան ընդհանուր անալիզատորը և հորմոնների անալիզատորը շատ հին են և փոխելու կարիք ունեն:
«Այնքան հին են, որ նույնիսկ չեմ կարող հիշել, թե որ թվականի: Սակայն լաբորատորիայի աշխատանքի որակից, ընդհանուր առմամբ, գոհ եմ»,-նշեց Տալոյանը:
Արտաշատի հիվանդանոցի արյան փոխներարկման բաժանմունքի վարիչ, բժիշկ-լաբորանտ Աննա Մարգարյանի խոսքով՝ փոխներարկման բաժանմունքի լաբորատորիան ապահովված է ամեն ինչով՝ շնորհիվ դրամաշնորհային ծրագրի: Սակայն նույնը չի կարող ասել ընդհանուր լաբորատորիայի մասին:
Այն չունի, օրինակ, մեկանգամյա օգտագործման ստերիլ փորձանոթներ: Ներկայում օգտագործում են լվացվող փորձանոթներ: «Դրանց օգտագործումը լուրջ վտանգ չի ներկայացնում, ուղղակի բժիշկը խիստ սանիտարահիգիենիկ պայմաններ պետք է պահի անալիզի պատասխանի վրա չազդելու համար: Դա բավականին աշխատատար է»,-ասաց նա ու հավելեց, որ շուտով կգործի Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգված և հագեցված բժշկական կենտրոնը, որտեղ կլինեն անհրաժեշտ բոլոր սարքերը և պայմանները:
«Հիվանդանոցի կլինիկական և բիոքիմիական լաբորատորիայում սարքերով համալրում եղել է շատ վաղուց` երևի թե 80-ական թվականներին: Նոր սարքավորումներ չունենք, սակայն եղածը օգտագործման դեռ պիտանի է: Անալիզները կատարվում են միկրոսկոպով: Լաբորատորիայում կատարվում են արյան, մեզի ընդհանուր և սահմանափակ բիոքիմիական անալիզներ:
Բնակիչներից աշխատանքի հետ կապված բողոքներ չենք ստացել: Լաբորատորիայի աշխատողներից գոհ ենք այնքանով, որքանով, որ հնարավոր է նրանց աշխատանքը հին սարքերով: Եթե վերանորոգված, նոր սարքերով համալրված լաբորատորիա ունենայինք, ավելի լայնածավալ հետազոտություններ կանցկացնեինք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ջերմուկի հիվանդանոցից: Ասում են՝ նախարարությունից ստուգումներ հաճախակի են լինում ` տարեկան մեկից երկու անգամ: Խախտումներ չեն արձանագրվել: Որպես առաջնային խնդիրը նշում են լաբորատորիան սարքերով համալրելը:
ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արայիկ Բաղրյանի փաստմամբ՝ բոլոր այն բժշկական կազմակերպությունները, որոնք Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի շրջանակում Հայաստանում կառուցվում կամ վերակառուցվում են, համալրվում են նաև լաբորատոր նոր սարքավորումներով:
Այդ ծրագրերի շրջանակներում 2009թ-ից մինչ օրս հիմնանորոգվել կամ կառուցվել են մի շարք բժշկական կենտրոններ, տրամադրվել են բժշկական, այդ թվում նաև լաբորատոր սարքավորումներ:
Այդ հիվանդանոցներից են Հրազդան, Իջևան, Արմավիր, Արարատ, Գորիս, Գավառ քաղաքների և շատ այլ բժշկական կենտրոններ: Ներկայում ավարտին են մոտենում Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով (այդ թվում նաև լաբորատոր) և կահույքով հագեցման աշխատանքները։ Միաժամանակ, 2018-ի երկրորդ կիսամյակում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 2 արդիականացված մարզային բժշկական հաստատություն՝ Արտաշատի և Սևանի բժշկական կենտրոնները:
Դրանք ևս հագեցած են լինելու անհրաժեշտ բժշկական սարքավորումներով՝ այդ թվում նաև լաբորատոր։ Վարկային ծրագրերի շրջանակներում արդիականացված բժշկական հաստատություններին տրամադրվող լաբորատոր սարքավորումներն են հեմատոլոգիական վերլուծիչ, բիոքիմիական վերլուծիչ, կոագուլոմետր, արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ, թերմոստատ և այլն:
Բոլոր մարզերում կան այդ ծրագրով նոր կառուցված կամ վերանորոգված հիվանդանոցներ: Թե հերթը երբ կհասնի մյուս հիվանդանոցներին, որոնք որպես առաջնային խնդիր են նշում հին լաբորատոր սարքերը, Բաղրյանը հստակ ասել դեռ չկարողացավ:
«Մյուս հիվանդանոցների մասով դեռևս հստակ ոչինչ չկա: Հիվանդանոցների լաբորատորիաները թարմացնելու, սարքերով ապահովելու այլ ծրագիր նշվածից բացի, այս պահին չկա»,- ասաց նա:
Չափագիտության ազգային ինստիտուտի բժշկական սարքավորումների ֆիզիկաքիմիական չափումների բաժնի ղեկավար Քրիստինե Սուջյանի խոսքով՝ իրենք լաբորատորիաների սարքերի ստուգաչափում իրականացնում են միայն այն դեպքում, երբ հայտ են ստանում հիվանդանոցից, տնտեսավարողից: Ստուգաչափումն իրականացվում է. եթե համապատասխանում է բոլոր կետերին, տրվում է վկայագիր, իսկ եթե ոչ՝ ծանուցագիր:
Խոսելով սարքերի թարմացումների մասին՝ Սուջյանն ասաց՝ ամեն մի սարքավորման տեխբնութագրի մեջ գրված է, թե որքան ժամանակը մեկ պետք է թարմացվի:
Լաբորատորիաներում ԱՆ առողջապահական տեսչական մարմինը, որը դե ֆակտո գործում է 2017-ի օգոստոսից, վերահսկողական աշխատանքներ չի իրականացրել, քանի որ մարմնի լիազորությունների շրջանակը նախագծող օրենսդրական փաթեթը դեռ Ազգային ժողովում է, և դեռ լիազորություններ տրված չեն:
«Երբ ողջ փաթեթը հաստատվի, մենք լուծելու ենք տեսչական ստուգատեսերի մշակման աշխատանքները, որոնցից մեկն էլ կլինի լաբորատորիաների ստուգատեսերը: Երբ մենք լիազորված կլինենք, կիրականացնենք վերահսկողական աշխատանք: Տեսչական մարմինն իրականացնում է նախկին առողջապահական պետական տեսչության գործառույթը»,-ասաց Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Փանաջյանը:
Աննա Գրիգորյան