Առողջապահության նախարարն հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզի բժիշկների հետ
Մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հերթական հանդիպումները Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում էին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Առողջապահության ոլորտում իրականացվող և մշակվող բոլոր ծրագրերն ուղղված են մեր բնակչության առողջապահական ցուցանիշների և, առաջին հերթին, կյանքի առողջ տարիների տևողության երկարացմանը»,- ասել է նախարարը Վաղարշապատի պոլիկլինիկայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Քաղաքի և շրջակա համայնքների առաջնային օղակի բժիշկների հետ անկաշկանդ զրույցի ընթացքում Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ բնակչության հետ ավելի հաճախ շփվող բժիշկների համար առավել տեսանելի են մարդկանց սպասելիքները։
«Մեր խնդիրն է՝ ձեզ հետ միասին, եղած ռեսուրսներն առավելագույնս արդյունավետ օգտագործելով, հասնենք թե՛ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը, թե՛ բժիշկների հեղինակության և ինչու ոչ` աշխատավարձի բարձրացմանը»,- ասել է նախարար Ալթունյանը` ընդհանուր գծերով ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման տեսլականը։
Բնակչության առողջության պահպանման գործում կարևոր դերակատարությունը տրվում է ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Դա առաջին հերթին բարձրացնում է նրանց պատասխանատվությունը։ Նախատեսվում է նախկին դիսպանսեր և կանխարգելիչ հետազոտություններն իրականացնել նոր մեթոդաբանությամբ և մոտեցումներով:
Նախարարը տեղեկացրել է, որ, բացի ֆիքսված աշխատավարձից, առաջնային օղակի բժիշկները կստանան բոնուսներ, որոնց համար հիմք կհանդիսանան չափելի արդյունքները` սպասարկվող բնակչության շրջանում հիվանդացության և հաշմանդամության ցուցանիշների, հոսպիտալացման, անաշխատունակության թերթիկների նվազում, ժամանակին և ճիշտ բուժում, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և այլն։ Սակայն այս ամենի դիմաց պահանջվելու է բարձրորակ և արդյունավետ բուժում։
«Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մարզերում թերապևտիկ ծառայությունները հիմնականում կմատուցվեն առաջնային օղակում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարներում։ Իսկ հիվանդանոցային բուժումից տնտեսված միջոցները կուղղվեն առաջնային օղակ` ձեր աշխատավարձերի բարձրացմանը»,- նշել է նախարարը:
Խոսելով արդյունավետ բուժման մասին՝ Լևոն Ալթունյանն անդրադարձել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման կարևորությանը։ Դրանց շնորհիվ երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա կիրականացվի նույն բուժումը։
Արմավիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նույնպես նախարարի հետ հանդիպման էին եկել նաև հարակից համայնքների առաջնային օղակի բժիշկները։
Լևոն Ալթունյանը նրանց ևս ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև առաջնային օղակի բարելավման տեսլականին։
Երկու հանդիպման ընթացքում էլ քննարկվել են բժիշկներին հետաքրքրող և մտահոգող բազմաթիվ հարցեր։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի ներդրմանը, Լևոն Ալթունյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող այն հնարավորությունները, որոնք ոչ միայն կնպաստեն մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, այլև զգալիորեն կդյուրացնեն բժիշկների աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականով, թեև ժամանակացույցից մի փոքր ետ ենք մնում, սակայն էլեկտրոնային առողջապահության համակարգը մեր երկրում կայանում է։
Նախարարը հավելել է, որ առաջիկա ամիսների ընթացքում կապահովվեն համակարգիչներով, որին կհաջորդի բուժաշխատողների ուսուցումը։ Բժիշկները հայտնել են, որ իրենք պատրաստ են դրան և ուրախ են ոլորտում իրականացվող նորամուծությունների համար։
Հանդիպման ավարտին Սարդարապատի ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Ավետիս Նիկողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի ու անկեղծ քննարկումների համար։ «Մենք Ձեր այցով ենք ուրախանում, բայց և Ձեզ ենք հաղորդում ժողովրդի սպասելիքներն ու կարիքները, որոնց հենքի վրա էլ կառուցվում են ծրագրերն ու ոլորտի քաղաքականությունը»,- ասել է փորձառու բժիշկը։
Ի պատասխան` նախարարը հայտնել է, որ առաջիկայում նման բազմաթիվ հանդիպումներ են սպասվում. «Ձեր բոլոր նկատառումներն ու առաջարկներն ի մի կբերենք երևանյան մեծ հավաքի ժամանակ` ընդունելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման ծրագիրը»։
Հանդիպումներին մասնակցել են Արմավիրի մարզի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյանը։