Գյումրիում արտադրական ձեռնարկությունները կա՛մ փակվում են, կա՛մ մի կերպ են գոյատևում
Գյումրիում նախկին արտադրական հզոր ձեռնարկությունների մեծամասնությունն այժմ չեն գործում: Արտադրության զարգացումը շատ դանդաղ տեմպերով է ընթանում: Փոքր ու միջին ձեռնարկություններ բացող գործարարները քաղաքում շատ քիչ են կամ գրեթե չկան, ովքեր հիմնականում բավարար չափով չեն ուսումնասիրում շուկան, թե արտադրության ո՞ր ճյուղերն է հնարավոր զարգացնել:
Ժամանակին Գյումրիում փակվեց հոլանդահայ գործարարի բացած կարի ֆաբրիկան, այժմ մարզային իշխանությունների մակարդակով Գյումրու Երկաթգծի կայարանի տարածքում կրկին կարի ֆաբրիկա են ցանկանում բացել:
«Գյումրի համայնքի զարգացման ծրագրի» փոփոխված տարբերակում նշված արտադրական ձեռնարկությունները քաղաքի զարգացման համար գրեթե արտադրական հզորություն չեն ապահովում:
Որոշ ձեռնարկություններ, ինչպես «Անալիտիկ» սարքերի գործարանը, «Քարմշակ մեքենա» ԲԲԸ-ն, գրեթե չեն գործում:
Գյումրիում առկա են մի շարք արտադրական ձեռնարկություններ՝ «Արշալույս» ԲԲԸ՝ գուլպեղենի արտադրության, «Կաթ-յուղ-պանիր բազա» ԲԲԸ՝ սննդամթերքի, կաթնամթերքի արտադրության, «Գյումրի-տպարան» ԲԲԸ՝ թղթի և ստվարաթղթի, «Գյումրի գարեջուր» ՍՊԸ՝ սննդամթերքի և խմիչքի, «Մարինե Գյուլբենկյան» ՍՊԸ՝ կարի արդյունաբերության, «Էլեգանտ Շիկ» ՍՊԸ՝ կաշվի և կոշկեղենի, «Լենտեքս»՝ գուլպեղենի և տրիկոտաժի, «Գևորգ և Վահան» ՍՊԸ՝ կարի ֆաբրիկայի, «Հայր և որդի Գյոդակյաններ»՝ ավտովերանորոգման գործարան, «Անուշարան» ՍՊԸ՝ հրուշակեղենի, «Տավրոս» ՍՊԸ՝ կաշվի և կոշկեղենի, «Մագնոն» ՍՊԸ, որոնցից շատերն արտասահմանում իրենց ապրանքն իրացնելու խնդիր ունեն, դրանցից ոմանք չեն էլ փորձել դուրս գալ եվրոպական շուկա:
Բացի այդ, երբեմն որոշ ձեռնարկությունների թողարկած արտադրանքն այնքան թանկ է, որ Գյումրիում գնողունակության բացակայության պայմաններում այն իրացնելը բավական բարդ է:
Գյումրու «Տավրոս» կոշիկի ֆաբրիկան մի ժամանակ վաճառում էր կոշիկներ և կրկնակոշիկներ, որոնք բավական բարձր գին ունեին: Մինչդեռ տեղական արտադրության զարգացում կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ տեղական ապրանքատեսակի գինն ավելի ցածր է ներկրված նույն ապրանքատեսակի գնից:
Արտադրության զարգացումը բարդ է և աշխատատար, ուստի նրանք, ովքեր մեծ գումարներ ունեն, չեն ցանկանում դրանք ներդնել այս ոլորտի զարգացման համար, որը գուցեև անհեռանկարային է և մշուշոտ, արդյունքն էլ միանգամից տեսանելի չէ:
Ըստ գյումրեցիների՝ դա է պատճառներից մեկը, որ «Անալիտիկ» սարքերի գործարանը վերազինելու համար միջոցներ տրամադրելու փոխարեն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրեց Գյումրիում 500.000 դոլարի չափով ներդրումներ իրականացնել երկրորդական բնույթի խնդիրներ լուծելու համար:
Գյումրիում աշխատատեղերի ստեղծման համար գործնական քայլեր ձեռնարկելու լրագրողների հարցերն ավելի շուտ զայրացնում են վարչապետին, քան «սայլը տեղից շարժում»:
Որքանո՞վ Գյումրի–Իսրայել փոխհամագործակցությունը կնպաստի քաղաքում արտադրության զարգացմանը
Այս համագործակցության ընթացքում հիմնականում շեշտը դրվելու է Գյումրու օդանավակայանի միջոցով ԵՏՄ երկրներին տարբեր տեսակի ապրանքների վաճառքի վրա:
Իսրայել-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվի Կան-Տորը Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել էր. «Այս ծրագիրը մշակված է այն տրամաբանությամբ, որ այն պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ թե Հայաստանի կամ Գյումրու և այն ընկերությունները, որոնք գալու են այստեղ աշխատելու, իրենց շուկան լինելու է Եվրասիական միությունը, քանի որ Գյումրին ունի օդանավակայան, ուստի ապրանքների տեղափոխման համար հենց այս քաղաքն է հարմար»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկզբում խոստացավ, որ այս ծրագրի շրջանակներում 10.000 աշխատատեղ է բացվելու, հետո էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Հիմա չասենք՝ 10.000, 5.000, 6.000, ինչքան որ ստացվեց»:
Գյումրի-Իսրայել փոխհամագործակցության վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել ընդամենը մեկ հանդիպում: Դրա ընթացքում քաղաքում արտադրության հնարավոր զարգացման մասին քիչ է խոսվել. թե ի՞նչ է արտադրվելու Գյումրիում, այդպես էլ հանրության համար պարզ չդարձավ: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքապետն այնքան էլ իրազեկված չէ, թե Գյումրիում իսրայելցիներն ինչպիսի գործունեություն են ծավալելու:
Արտադրություն զարգացնելն ապրանք արտադրելու հիմնական միջոցն է, իսկ ապրանք վաճառելն արտադրության զարգացման հետ կապ չունի: Արտադրության զարգացման դեպքում հնարավոր է Գյումրու բյուջե մեծ գումարներ ուղղորդել, իսկ ապրանքների վաճառքով զբաղվելը կարող է ժամանակավոր բնույթ կրել և Գյումրուն քիչ օգուտներ տալ:
Թերևս որոշակիորեն հույս կարող է ներշնչել Ցվի Կան-Տորի այն պնդումը, թե ապրանքատեսակների արտադրության գործընթացի որոշ մասը կարող է իրականացվել Գյումրիում:
Առայժմ անհասկանալի է, թե որն է Իսրայելի շահը Գյումրի-Իսրայել փոխհամագործակցության ասպարեզում: Պարզ չէ նաև, թե ԵՏՄ ապրանքատեսակներ արտահանելու դեպքում (հիմնականում՝ էլեկտրոնիկայի և դեղերի փաթեթավորման մասին է խոսքը) ինչո՞ւ պետք է օգտագործվի «Շիրակ» օդանավակայանը, այն դեպքում, երբ կարելի է բեռնատար ինքնաթիռների միջոցով բեռներն Իսրայելից տեղափոխել ԵՏՄ երկրներ:
ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում արտադրության զարգացմանը նպաստող որևէ իրական կազմակերպություն գոյություն չունի:
Գյումրիում գործում է հետազոտական և տեխնոլոգիական կենտրոն, որոնց գործունեությունն անարդյունավետ է և չի նպաստում տեղական արտադրության կազմակերպմանն ու արդիականացմանը:
Գյումրիում 2015 թվականի մայիսին բացված «D-Link» հետազոտական կենտրոնում իրականացված որևէ հետազոտական ծրագիր չի ծառայեցվում ի շահ ՀՀ տնտեսության զարգացման: Կազմվող բոլոր ծրագրերն արտասահմանի համար են, դրանց միջոցով վերջիններս արդիականացնում են սեփական երկրների տնտեսությունը, կիրառում բոլոր տեսակի նորամուծությունները, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ դեգրադացված վիճակում:
«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը», որը պետք է կոչված լիներ զբաղվելու գիտական-հետազոտական լաբորատորիաների հիմնադրմամբ և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա նոր տեխնոլոգիաների ստեղծմամբ, որոնք պետք է կիրառվեին մեր տնտեսության զարգացման մեջ, իրականում զբաղվում է ամեն ինչով, բացի բուն խնդրից:
Այս կենտրոնի շենքի առանձին դահլիճներ տրամադրվում են տարբեր միջոցառումների անցկացմանը, անգամ՝ թատերական բնույթի ներկայացումների, որոնք բացարձակ կապ չունեն տեխնոլոգիական կենտրոնի բուն գործունեության հետ:
Դեռ հարց է՝ ունի՞ «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը» լաբորատորիաներ՝ համապատասխան սարքավորումներով, որտեղ լուրջ հետազոտողները կկարողանան աշխատել՝ նոր տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ:
Շատ դեպքերում բանիմաց մարդկանց իրական հնարավորություն չի ընձեռվում ծանոթանալու այս կենտրոնի լաբորատորիաների գործունեությանը:
Այս ամենից հարց է ծագում՝ ինչո՞ւ «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» շենքը, որը Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքն է, չհանձնել Շիրակի պետական համալսարանին: Չէ՞ որ շենքային ավելի լայն պայմանների առկայության դեպքում բուհերը ևս կարող են համապատասխան ուղղվածության լաբորատորիաներ ունենալ և լրացուցիչ եկամուտներ ստանալու նպատակով արտադրական գործունեություն ծավալել:
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 2000 թվականին, սահմանում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ, ինչպես նաև այլ հոդվածներով, գիտական կազմակերպությունը կարող է ունենալ ցանկացած առևտրային և ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձև: Առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները՝ ներառյալ բուհերը, շահույթ հետապնդող են:
Սկզբում «Գյումրու տեխնոպարկը» ստեղծվեց Գյումրու «Անալիտիկ սարքերի» գործարանի տարածքում: Սա մի տարածք է, որն հագեցած էր համապատասխան սարքավորումներով և հարմար էր տեխնոպարկի գործունեության համար: Այստեղ առկա էին խառատային մետաղամշակման հաստոցներ, էլեկտրոնային տարբեր սարքավորումներ, որոնցով հնարավոր էր շատ լավ նախապատրաստվել փորձերին: Սակայն տեխնոպարկի ստեղծումից կարճ ժամանակ անց Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ տեղափոխվեց «Անանիա Շիրակացի» համալսարանի տարածք, որից հետո՝ ներկայիս «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» տարածք, այստեղ էլ Գյումրու տեխնոպարկը վերանվանեցին «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն»:
Գյումրիում արտադրության ոչ բավարար զարգացած լինելն իր «պտուղներն» է տալիս: Չզարգացած արտադրությունը Գյումրուց արտագաղթի առաջին և գլխավոր պատճառն է: Վերջինս, իր հերթին՝ Գյումրու բյուջեի շարունակական նվազման պատճառ է հանդիսանում:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ, եթե ԽՍՀՄ տարիներին Գյումրու բնակչությունը հասնում էր 250.000-ի, ապա այժմ, պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը կազմում է 116.000, ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչև 70000 մարդ:
Եթե 2018 թվականին քաղաքի բյուջեն կազմում է 3.357.033.700 դրամ գումար, ապա 2009 թվականին կազմել է 3.626.500.000 դրամ:
Գյումրու քաղաքապետարանի կայքում առկա են միայն 2012 թվականից հետո քաղաքի բյուջեի մասին տվյալները: Նախորդ տարիների տվյալները բացակայում են, դրանք առկա չեն նաև Շիրակի մարզային արխիվում, ուստի հնարավոր չէ վիճակագրություն կազմել, թե 2012 թվականին նախորդող տարիներին քաղաքի բյուջեն զարգացման ինչպիսի՞ միտում է դրսևորել:
Դրա վերաբերյալ հետազոտություններ և վերլուծություններ է իրականացրել «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնը:
Դրա համաձայն՝ 2009-2012 թվականների ընթացքում Գյումրու բյուջեների ընդհանուր եկամուտները կազմել են Շիրակի մարզի բոլոր համայնքների բյուջեների նույն ցուցանիշի մոտավորապես 55-59%-ը, իսկ սեփական եկամուտները կազմել են մարզային համանման ցուցանիշի շուրջ 62-88%-ը:
Ինչպես Շիրակի մարզի համայնքների, այնպես էլ՝ Գյումրի համայնքի 2009-2012թթ. բյուջեների ընդհանուր եկամուտների փաստացի ցուցանիշներում արձանագրվել է տարեկան աճ՝ յուրաքանչյուր նախորդ տարվա նկատմամբ: Սակայն Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նշված ժամանակահատվածում դինամիկ նվազել են: Սա նշանակում է, որ մարզի համայնքների մեծամասնության մոտ ավելացել է կախվածությունը պետական բյուջեից:
Իրականացված հետազոտության համաձայն՝ Գյումրի համայնքի 2010թ. բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը չնչին աճ է արձանագրել (0.93 %՝ 2009 թվականի նկատմամբ), 2011 թվականին սեփական հավաքագրված եկամուտների մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 13.35 %-ով, իսկ 2012թ.`17 %-ով:
Գյումրու բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարի թիվը ևս քիչ է, որը կազմում է 28939 դրամ գումար:
Արտադրության զարգացման տեսանկյունից Գյումրին անմասն չի կարող մնալ հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական գործընթացներից:
Որպեսզի Գյումրու դրությունը բարելավվի, նախևառաջ հանրապետության տնտեսական դրությունը պետք է լավանա, անհրաժեշտ է ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն:
Անահիտ Սիմոնյան