Բաժիններ՝

Արգենտինայում ՀՀ դեսպանի համանախագահությամբ Բուենոս Այրեսում նշեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Արգենտինայի ԱԳՆ Սան Մարտին պալատի «Լիբերտադոր» սրահում` ԱԳ նախարար Խորխե Ֆորիի նախագահությամբ մարտի 20-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը, որի համանախագահներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը և Ֆրանսիայի դեսպան Պիեր Անրի Գինյարը:

Միջոցառումը մեկնարկեց ԱՀ ԱԳ նախարարի ողջույնի խոսքով, այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանները: Խորխե Ֆորին իր ելույթում մասնավորապես նշեց, որ 2016թ. դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ անդամ` Արգենտինան ի դեմս նախագահ Մաուրիսիո Մակրիի կառավարությանը ցանկանում է ընդլայնել ֆրանկոֆոն պետությունների հետ իր քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը: ԱՀ ԱԳ նախարարը կարևորեց նաև Արգենտինայի վրա մեծ ազդեցություն թողած ֆրանսիական մշակույթի և ժողովրդավարական մտածելակերպի դերը, շեշտելով, որ դրանք ոչ միայն խթան են հանդիսացել Արգենտինայի անկախության պայքարի համար, այլ նաև կազմել են Արգենտինայի մշակութային կյանքի և աշխարհի հետ հարաբերակցվելու հենքը:

Արգենտինայում ՀՀ դեպան Էսթերա Մկրտումյանն իր ելույթում ներկայացնելով հայ-ֆրանսիական բարեկամության պատմությունը, մասնավորապես ասաց. «Հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը հազարամյա պատմություն ունի: Այս առումով առանցքային է 12-14-րդ դարի Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանը, երբ առավելապես սերտացան հայ-ֆրանսիական կապերը: Առանձնահատուկ է 19-րդ դարում հայկական մշակութային զարթոնքի վրա ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խորը հետք են թողել հայկական մտքի և աշխարհայացքի զարգացման վրա, հատկապես մշակութային նոր հոսանքների, ազատության ու մարդասիրության գաղափարների տարածման առումով։

Հիշարժան են 1848 թվականի սեպտեմբերի 24-ին ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար Ալֆոնս դը Լամարթինի խոսքերը Փարիզի Սամվել Մուրադ վարժարանի սաների պարգևատրման արարողության ժամանակ. «Երբեք, դեռևս որևէ ժամանակաշրջանում այդքան օգտակար, ես նույնիսկ կասեի այդ աստիճանի անհրաժեշտ չի եղել փոխադարձաբար Ձեր գեղեցիկ հայոց լեզվի ուսումնասիրումը ֆրանսիացիների կողմից և ֆրանսերեն լեզվի ուսուումնասիրումը հայերի կողմից` իմանալու համար այն ամենի մասին, ինչ հիսուն տարի ի վեր տեղի է ունենում աշխարհում, թե Արևմուտքում և թե Արևելքում»:

Այնուհետև ՀՀ դեսպանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, օրակարգի թեմաները, «Ապրել միասին» կարգախոսի էությունը, անցկացվելիք կարևոր միջոցառումները` հատուկ ուշադրություն հրավիրելով տնտեսական ֆորումին, որի նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները և մեկնարկել ֆրանկոֆոն գործարարների ցանց։ Իր ելույթի վերջում ՀՀ դեսպանը ներկաներին մանրամասն ներկայացրեց ՖՄԿ 17-րդ երևանյան գագաթաժողովի նոր հիմնարար փաստաթղթի` «Ապրել միասին» պակտի հայեցակարգը և նպատակները:

ՀՀ դեսպանի ելույթին հաջորդեց ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և Հայաստանի վերաբերյալ պատրաստված ֆիլմի ցուցադրումը:

Ֆրանսիայի դեսպանն իր ելույթում խոսեց Ֆրանկոֆոնիայի շարունակական առաջընթացի մասին, որը կապ է ստեղծում անցյալի, ներկայի և ապագայի միջև՝ նշելով, որ լեզուները օգնում են հաղթահարել սահմանները և տարածությունը, հնարավորություններ տալով բազմամշակույթ համագործակցության համար:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, խորհրդարանականներ, արգենտինահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս