Բաժիններ՝

Արցախի պետնախարարն Ավստրալիայում այցելել է մի շարք ձեռնարկություններ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է մի շարք արդյունաբերական և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ և ծանոթացել դրանց աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ա. Հարությունյանը եղել է, մասնավորապես, կաթնամթերքի, խաղողի վերամշակման և թիթեղի արտադրության ձեռնարկություններում: Նա ծանոթացել է արտադրական պրոցեսներին, հետաքրքրվել վերամշակման նորամուծություններով, ինչպես նաև՝ պատասխանատուների հետ քննարկել ունեցած փորձով Արցախի գործարարների հետ կիսվելու հնարավորությունները:

Այնուհետև Ա. Հարությունյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել Արցախի՝ անկախության տարիներին ունեցած ձեռքբերումների մասին ծավալուն ելույթով: Պետական նախարարը հատկապես ընդգծել է, որ, չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, Արցախը զարգանում է, և ակնառու հաջողություններ կան գրեթե բոլոր ոլորտներում:

«Արցախում ապրող ժողովրդի անունից՝ երախտագիտություն եմ հայտնում Ավստրալիայում և Սփյուռքի մեր մյուս գաղթօջախներում ապրող բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի հանդեպ: Անկախությունից ի վեր՝ տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատների միջոցով մենք մշտապես զգացել ենք Սփյուռքի գործուն աջակցությունը: Այսօր կոչ եմ անում բոլորիդ պարզապես պարբերաբար այցելել և սեփական հանգիստը կազմակերպել ազատագրված ու բարգավաճող Արցախում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այնտեղ: Հայրենիքը Սփյուռքի հաստատուն արմատն է, և, կարծում եմ, բոլորիս պարտքն է ամուր կառչած մնալ մեր արմատին»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս