Բաժիններ՝

Մարտի 1-ի զոհերի հարազատները համարվում են տուժող կողմ և կարող են փոխհատուցումներ ստանալ. Գևորգ Կոստանյանը պարզաբանում է

Այսօր Ազգային ժողովում ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցումներ ներկայացնելու հարցին:

«Այո, ես ասել եմ, որ մենք ունենք Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներ, որ բացարձակ հիմք է հանդիսանում, որ այս պրոցեսը գնա»,- հայտարարեց Գ. Կոստանյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասել էր, որ դեռևս դատական ակտ չկա, որով հաստատված է, որ անձինք տուժող են. «Ո՞վ է ասում, որ տուժող ճանաչված չեն, եթե մարդիկ քրեական գործով տուժող ճանաչված չլինեին, չէին կարող օգտվել և՛ տուժողի իրավահաջորդի իրավասություններից, և՛ ՄԻԵԴ դիմելու իրավունքից: Այսինքն՝ նրանք տուժող են ճանաչված տվյալ գործով: Անկախ մեղավորին հայտնաբերելու փաստից՝ տուժողին ճանաչելու հանգամանքներն արդեն առկա են: Պետք չէ մեղավոր լինի, որ այդ մեղավորից փողը փոխհատուցեն: Պետությունը փոխհատուցում է և հետո ռեգրեսիվ հայցով դիմում է մեղավորներից բռնագանձելու»:

Անդրադառնալով Ն. Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս գործով նախաքննություն չի իրականացվում՝ Գ. Կոստանյանն ասաց. «Նախաքննություն ո՞նց չի իրականացվում: Քրեական գործով 3 որոշում կարող է կայացվել՝ վարույթը կարճելու, վարույթը կասեցնելու և գործը մեղադրական եզակացությամբ դատարան ուղարկելու: Քանի այս երեք որոշումներից որևէ մեկը չի կայացվել, քրեական գործը վարույթում է»:

Ն. Փաշինյանն էլ իր ելույթում ասաց, որ որոշում չի կայացվում, որ ինչ հարց բարձրացնում են, ասեն՝ նախաքննական գաղտնիք է. «Դուք ամենակարևոր հարցին չանդրադարձաք: Դուք ասում եք, որ կա նախաքննության ձեռքի տակ տեսագրություն, որ ցույցի մասնակիցները դուրս են գալիս մեքենաների հետևից, կրակում և թաքնվում են»:

Գ. Կոստանյանը տեղից ընդհատեց Ն. Փաշինյանին՝ «ես նման բա՞ն եմ ասել»: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանը շարունակեց. «Այո, «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում: Ես մարտահրավեր եմ նետում, ասում եմ՝ չկա նման տեսագրություն, չի կարող լինել նման տեսագրություն: Առավել ևս, եթե հիմա ասում եք, որ չեք ասել նման բան, ուրեմն՝ նախաքննության մարմինը թող ցույց տա այդ տեսագրությունը հանրությանը, որ դուրս են եկել՝ կրակել են, պախկվել են, կամ՝ Ռոբերտ Քոչարյանին  կանչեն հարցաքննության: Չկա նախաքննության գաղտնիք, որովհետև չկա նախաքննություն, դա միֆ է: Այսօրվա իշխանությունը չի ուզում բացահայտել Մարտի 1-ի սպանությունը, որովհետև ինքն է դրա հեղինակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս