Բաժիններ՝

Սլովակիայի նախագահը հրաժարվեց հաստատել նոր կառավարության կազմը

Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 20-ին հայտարարել է, որ առայժմ չի հաստատելու նոր կառավարության կազմը, քանի որ գոհ չէ նախարարների պաշտոնների համար առաջադրված մի քանի թեկնածություններից։

Քաղաքական լուրջ ճգնաժամը Սլովակիայում բորբոքվել է երեք շաբաթ առաջ լրագրող Յան Կուցիակի եւ նրա հարսնացուի սպանությունից հետո: Կուցիակը երկար ժամանակ հետաքննություն էր վարում քաղաքական գործիչների հետ մաֆիական կառույցների կապերի շուրջ: Հետաքննության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը դիտարկվում է որպես սպանության հիմնական դրդապատճառ:

Հանրապետության 50 քաղաքներում եւ արտասահմանյան բազմաթիվ երկրներում քանիցս կազմակերպված զանգվածային ցույցերից, Եվրախորհրդարանի կողմից հնչող քննադատություններից եւ ընդդիմադիր կուսակցությունների պահանջներից հետո անցած շաբաթվա ընթացքում պաշտոնաթող են եղել ողբերգության հետաքննության ձգձգման ու հանրապետությունում կոռուպցիայի ու մաֆիական կառույցների համար պայմաններ ստեղծելու մեջ մեղադրվողները, սկզբում՝ ՆԳ նախարարը եւ կառավարության աշխատակազմի առանձին աշխատակիցներ, այնուհետեւ՝ վարչապետը եւ կառավարող «Ուղեգիծը՝ սոցիալական դեմոկրատիա» (ՈւՍԴ) կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն:

Մարտի 19-ին ՈւՍԴ-ի ղեկավարության անդամ եւ նախկին փոխվարչապետ Պետեր Պելեգրինին, որին նախագահը հանձնարարել էր ձեւավորել կառավարության նոր կազմը, Կիսկային ներկայացրել է նախարարների պաշտոնների թեկնածուների ցուցակը: Սակայն նրանցից ոմանք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների մոտ եւ ԶԼՄ-ներում տարակուսանք են հարուցել պաշտոնաթող եղած քաղաքական գործիչների հետ իրենց սերտ շփումների պատճառով:

«Ամենավերջին բանը, ինչի կարիքը մենք այժմ ունենք, հետագա անվերջանալի բանավեճերն են եւ այն բանի շուրջ կասկածանքները, թե ով ում հետ է միասին մոտոցիկլետներով երթեւեկել, ծննդյան օրեր նշել կամ անձնական կապերին վերաբերող այլ շահարկումներ:

Որպես պետության ղեկավար ես դա թույլ չեմ տա»,-հայտարարել է նախագահը, որի ելույթը հեռարձակել են ցանցային ՏՎ-ալիքները: Կիսկայի խոսքով՝ ինքը վարչապետի թեկնածու Պելեգրինիին պարզաբանել է կաբինետի առաջարկված նոր կազմի առանձին ներկայացուցիչներին վերաբերող առարկությունները եւ առաջարկել մինչեւ մարտի 23-ին ներկայացնել կառավարության նոր կազմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս