
Տեխասի FedEx-ի պահեստում ծանրոց է պայթել

Ծանրոցը, որը նախատեսված էր ԱՄՆ-ի Օսթին քաղաք (Տեխասի նահանգ) ուղարկելու համար, Շերց քաղաքում (Տեխաս) պայթել է FedEx փոստային ընկերության պահեստում: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ):
Պայթյունի հետեւանքով մեկ աշխատակցուհի վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի վայրում աշխատում են ՀԴԲ-ի եւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Օսթինի բնակելի տներում, որոնց հետեւանքով զոհվել է երկու մարդ: Մարտի 20-ին տեղի ունեցած պայթյունը Տեխասում արդեն թվով հինգերորդն է վերջին ամսվա ընթացքում: ՀԴԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ FedEx-ի պահեստում պայթյունը, «ամենայն հավանականությամբ», կապված է քաղաքում տեղի ունեցած նախորդ պայթյունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: