«ԱրՄաթի» սանի գաղափարն արժանացել է հրամանատարության հավանությանը և կներկայացվի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանի և Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: Անվճար հիմունքներով գործող ինժեներական լաբորատորիաների սաները պարբերաբար գրանցում են հաջողություններ ՏՏ ոլորտում:
Ոսկեհատ համայնքի դպրոցի «ԱրՄաթ» լաբորատորիայի խմբակավար Հեղինե Շահինյանը պատմում է, որ այս պահին խմբակում ուսանում է 20 պատանի Ոսկեհատից և կողքի Ոսկեվազ գյուղից։ Խմբակում սովորում են 8-րդ դասարանից սկսած, սակայն ինչպես տիկին Շահինյանն է նշում, ցանկանում են ավելի վաղ՝ ցածր դասարաններից երեխաներին ներգրավել «ԱրՄաթ» լաբորատորիայի աշխատանքներում։ «ԱրՄաթը» Ոսկեհատում սկսել է գործել 2,5 տարի առաջ, և, ինչպես նկատում է խմբակավարը, աշակերտները սիրով են գալիս պարապմունքներին, նույնիսկ սեփական նոութբուքերով, եթե եղածները չեն բավարարում։ Ոգևորված են ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները՝ տեսնելով, թե ինչպես են իրենց զավակները խորացնում գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներական ոլորտներում։
Հեղինե Շահինյանն ընդգծում է, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսանելը երեխաներին տալիս է առաջին հերթին ինքնավստահություն։ Փոքր գյուղերում, որտեղ շփումները բավականին քիչ են, խմբակի շնորհիվ երեխաները կարողանում իրենց դրսևորել թե դասերի, թե տարբեր մարդկանց, մասնագետների հետ հանդիպումների ընթացքում։ Այստեղ նրանք ծանոթանում են մարդկանց հետ, ում, թերևս, միայն հեռուստացույցով կարող էին տեսնել։ Տիկին Հեղինեն նաև ընդգծում է, որ այս ոլորտում երեխաներից մեկի հաջողությունը դառնում է վարակիչ։ Մեկի օրինակը շատերին մոտիվացնում է, մղում ավելի լավ աշխատանքի։
Խմբակավարը նշում է, որ «ԱրՄաթ» լաբորատորիան նաև մասնագիտական կողմնորոշման դեր է կատարում։ Այստեղ սովորող երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտություններ։ Շատ երեխաներ իրենց ապագան գյուղի փոքր պատուհանից այն կողմ չեն տեսնում, սակայն ՏՏ-ն նոր հնարավորություններ է բացում։ Մանավանդ, առանձնապես մեծ ռեսուրսներ պետք չեն. ընդամենը մեկ համակարգիչ և համացանց, ու կարող ես սեփական ուժերդ փորձել՝ հասնելով հաջողությունների։
Ինչպես արդեն տեղեկացրել էին, ըստ հետազոտության՝ «ԱրՄաթի» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է բուհ, որից 82%-ը՝ բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվողների 39%-ը, սովորելուն զուգընթաց, նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում:
Ի դեպ, Հեղինե Շահինյանի որդին՝ Ռաֆայելը, նույնպես «ԱրՄաթի» սաներից է եղել։ Ընդունվել է պոլիտեխնիկական համալսարան։ Արցախում զինծառայության ընթացքում մասնակցելով ՊՆ-ի կազմակերպած ծրագրավորման մրցույթին և ստանալով Բ կատեգորիա՝ ծառայությունը շարունակել է՝ որպես մասնագետ: Մասնակցել է ՊԲ մասշտաբով անցկացվող մրցույթների, հաղթել, արժանացել գերազանց ծառայության համար կրծքանշանի, ստացել է որակավորման կարգ, ու այդ ամենը՝ վեց ամսում: Ռաֆայելն ընդամենն օրերս ՊԲ-ում հաղթել է ևս մեկ ստուգատեսում՝ հրետանային զորքերի հաշվարկողների մրցույթում։
Ռաֆայելն իր հրամանատարությանը ներկայացրել է նաև հակառակորդի դիտարկման նոր մեխանիզմ, որն ավելի արդյունավետ է դարձնում դիտարկման արդյունքները։ Առաջարկն արժանացել է հրամանատարության հավանությանը, և գաղափարն առաջիկայում կներկայացվի Պաշտպանության նախարարությանը։ Ռաֆայելը ճանաչողների համար վարակիչ օրինակ է, քանի որ ակնհայտ է դառնում, որ աշխատանքը բերում է հաջողության:
Սիրարփի Աղաբաբյան