
Նախատեսվում է զինվորական ծառայության մեջ ընդլայնել կին զինծառայողների ներգրավումը

ՀՀ զինված ուժերում ձևավորվելու է պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ: Այս դրույթը ներառված է «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոր համակարգով կառաջարկվի պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ և կապահովվի պայմանագրային հիմունքներով զինված ուժերի համալրումը արհեստավարժ կադրերով: Դա կարվի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի կարճաժամկետ հեռանկարում նախնական ծավալով, իսկ միջնաժամկետ հեռանկարում` ամբողջ ծավալով իրականացման միջոցով:
Զուգահեռաբար նախատեսվում է զինվորական ծառայության մեջ կամավորության սկզբունքի վրա կին զինծառայողների ներգրավումն աստիճանաբար ավելացնել`սկզբում նյութատեխնիկական ապահովման, այնուհետև մյուս ոլորտներում:
Կներդրվի ակտիվ պահեստազորային ծառայություն, որի համար կձևավորվեն նորմատիվ իրավական բազա և պահեստազորի հաշվառման էլեկտրոնային համակարգ: Նշված ծառայության ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել պահեստազորի մասնագիտական ներուժը` պարբերական վարժանքների և զինված ուժերի խնդիրների կատարմանը նպատակային ներգրավման միջոցով:
Արդիականացման ծրագրով նախատեսված համալիր ջանքերի շնորհիվ կապահովվի զինված ուժերի վստահ մուտքը կայացման չորրորդ տասնամյակ` որպես Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր երաշխիք: Այդ երաշխիքը ծառայելու է որպես հավանական հակառակորդներին զսպող գործոն, «Ազգ-բանակ» հայեցակարգի իրագործման հուսալի աղբյուր և միջազգային արդյունավետ գործընկերության ծավալման հարթակ: