«Համայնքներում աղբահանության խնդիրը մենք 2018 թվականի ավարտին ամբողջապես լուծելու ենք». Նախարար
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ այս օրենքի նախագծով փորձում են ՀՀ-ում կանոնակարգել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը, վարչական իրավախախտումները:
Նա նկատեց, որ չկա հստակ պետական լիազոր մարմին այս ոլորտում: Այս օրենքի ընդունումից հետո կառավարությունը կհստակեցնի այն լիազոր մարմինը, որը կվերահսկի ոլորտը: Նա նշեց, որ պետք է գործեն այնպիսի տերմիններ, ինչպիսիք են՝ աղբի տեսակավորում, փոխաբեռնման կայաններ, որոնք նախկին օրենսդրական փաթեթներում բացակայում են:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց այն հարցը, որ երկար ժամանակ գյուղական համայնքներում շատ դժվար էր կարգավորվում աղբահանության խնդիրը: Նա նկատեց, որ ներկայումս՝ համայնքների խոշորացումից հետո, դա ավելի հնարավոր է դարձել:
Նախարարը ևս փաստեց, որ նախկինում շատ սակավաթիվ համայնքներ կային, որ իրականացրել են աղբահանության պրոցես. «Խոշորացված գրեթե բոլոր համայնքներում պրոցեսը սկսվել է, արդեն սակագին են սահմանել, ու մենք տեսնում ենք, որ գանձվում են այդ գումարները: Այսօր տրամադրությունը մեր համայնքներում միանաշանակ է, որ պետք է աղբահանություն իրականացնեն: Խնդիրը մենք 2018 թվականի ավարտին ամբողջապես լուծելու ենք»: