
«ԵԽ-ի բոլոր անդամ երկրներից Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով». Կոստանյան

Հայաստանի համար շատ կարևոր է մարդու իրավունքների վերականգնումը և այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ապագայում կանխվի այդ խախտումների հավանականությունը:
Այսօր Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«ԵԽ-ի բոլոր անդամ երկրներից Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով: Այստեղ շատ կարևոր է գնահատել, որն է մեր երկրի արդյունավետությունը, քանի որ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելը ֆորմալ գործողություն չէ: Դա ենթադրում է երկու կարևոր հանգամանք` մարդու իրավունքների հնարավորինս վերականգնում և այնպիսի համակարգի ստեղծում, որն ապագայում կկանխի նմանատիպ խախտումների հավանականությունը:
Հայաստանը առաջատարներից մեկն է հենց այդ առումով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է, և մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որպեսզի ոչ միայն վերականգնի մի անձի իրավունքը, այլ նաև հետագայում բացառվեն նմանատիպ այլ դեպքերը»,- ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը խոր հարգանք ունի մարդու իրավունքների նկատմամբ:
Խոսելով միջոցառման նպատակների մասին՝ Կոստանյանը նշեց, որ քննարկվելու են քրեական արդարադատություն իրականացնող համակարգի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների ստեղծմանը վերաբերող հարցերը:
«Հենց դրանով է պայմանավորված այս միջոցառումը` քննարկել մեր իրավապահ համակարգի բարեփոխումներն այն իմաստով, որ դրանք առավելագույնս համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության դրույթներին:
Մենք հրավիրել ենք ԵԽ գլխավոր դատախազության ասոցիացիայի փոխնախագահին, Իտալիայի զինվորական դատախազին, որպեսզի գործնական քննարկում կազմակերպենք, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանում և՛ ոստիկանության, և՛ քննչական, և՛ դատախազական ապարատները առավելագույնս արդյունավետ գործեն»,- ասաց Կոստանյանը: