Բաժիններ՝

«Կալանքի ենթարկված ցանկացած անձ, որը զրկված է այդ իրավունքից, կարող է դիմել ՄԻԵԴ և Հայաստանի դեմ վճիռ ունենալ». Զարուհի Հովհաննիսյան

«Մենք տեսանք, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դեպքում վերջնարդյունքում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը նախատեսված չէ։ Եթե մյուս դատապարտյալները կարող են ուղղիչ հիմնարկներ տեղափոխվել, ապա ցմահ ազատազրկվածները չունեն այդ հնարավորությունը, որը պետք է նախատեսվի»,- այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։

Նրա խոսքով՝ տույժի նշանակման վերաբերյալ որոշման մասին դատապարտյալը ոչ միայն պետք է բանավոր ծանուցվի, այլև նրան տրամադրվի որոշման պատճենը, որի մեջ պետք է նշվեն նաև բողոքարկման կարգն ու պայմանները. «Եվրոպական դատարանը բազմիցս ունի նման որոշումներ, բողոքարկման ժամկետներ հաշվում են ոչ թե ծանոթացման պահը, այլ այդ ակտի հասանելի դառնալու պահը, երբ անձն արդեն ստանում է այդ ակտը։

Արդարադատության նախարարությունը նաև կարգ էր մշակել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, մենք մեր նկատառումներն ենք ուղարկել, թե ինչ պայմաններ պետք է լինեն այդ առումով։ Մեր առաջարկություններին ի պատասխան՝ Արդադադատության նախարարությունը նշել է, որ Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, և շատ հարցեր քննարկվելու են այդ փոփոխությունների շրջանակներում»։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն էլ ներկայացրեց արձանագրված խնդիրները. «Մեր հերթական այցի ժամանակ հայտնաբերեցինք, որ Աբովյան ՔԿՀ-ում կոպիտ խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը։ Մեկ տարի շարունակ պետությունը ոտնահարում է այդ իրավունքը։ Կա Հանրակրթության մասին օրենք, որտեղ նշված է, որ կրթությունը պարտադիր և անվճար է 12 տարի շարունակ։ Մենք ունենք ՔԿՀ-ում 6-7 անչափահաս կալանքի ենթարկված անձինք, դատապարտյալներ, որոնք 1 տարի շարունակ զրկված են պետության կողմից կրթության իրավունքից։ Մենք գրեցինք վարչություն և ստացանք պատասխան, որ միջոցներ են ձեռնարկվում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Հիմա եթե հենվենք այդ գրության վրա և համբերատար սպասենք՝ մինչև հարցը լուծվի, այն կարող է ձգձգվել ևս մեկ տարի։ Ցանկացած կալանքի ենթարկված անձ, որը զրկված է այդ իրավունքից, կարող է դիմել ՄԻԵԴ և Հայաստանի դեմ վճիռ ունենալ, որովհետև խախտվել է իր հիմնարար իրավունքներից մեկը՝ կրթություն ստանալու իրավունքը»։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Լավ երեկո» հաղորդման մարտի 8-ի թողարկման ընթացքում ցուցադրված ռեպորտաժին, որն ըստ նրա՝ մարդու իրավունքների խախտում էր. «Խոցելի կանանց մարտի 8-ին հեռուստատեսությամբ ցուցադրում են այդ դերում։

Մինչ այժմ ՔԿՀ-ն որևէ դիրքորոշում չի հայտնել, իսկ լրատվադաշտում հայտնվել է տվյալ լրագրողի շփոթված բացատրությունը, որը ևս չի կարող բավարարել իրավապաշտպաններին։ Ինչպե՞ս է նմանատիպ լրագրողը հայտնվում այդ տարածքում, և արդյոք դուք չե՞ք համարում, որ դա ևս մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՝ հատկապես իմանալով այդ մարդկանց խոցելիությունն ու նրանց վարաինտեգրման, սոցիալիզացիայի հետագա ամբողջ գործընթացի վրա նմանատիպ հաղորդաշարերի ազդեցությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս