Իսլանդիան ևս կարող է բոյկոտել ԱԱ-2018-ը
Իսլանդիայի կառավարությունը կարող է միանալ Մեծ Բրիտանիայի կառավարությանը և բոյկոտել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Գուդլաուգուր Տոր Տորդարսոնը հայտնել է, որ բոյկոտելու վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս կայացված չէ: Ամեն դեպքում, անկախ բոյկոտից՝ իսլանդացիները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը:
«Սա բացառիկ հնարավորություն է: Մենք բնակչությամբ ամենափոքր երկիրն ենք, որ մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: Մեզ համար կարևոր է այս հնարավորությունից օգտվելը, որպեսզի ցույց տանք Իսլանդայի ամենապայծառ կողմերը: Մենք լրջորեն մտածում ենք Բրիտանիայի բոյկոտին միանալու մասին, բայց որոշումը դեռ կայացված չէ»,- նշել է Տորդարսոնը:
Հիշեցնենք, որ Անգլիան կարող է բոյկոտել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում: Բանն այն է, որ Անգլիայում քիմիական թունավորման պատճառով հիվանդանոց էին տեղափոխվել Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը: Սկրիպալին Ռուսաստանի իշխանությունները մեղադրում էին Անգլիայի համար լրտեսություն անելու մեջ: Ռուսաստանում ձերբակալվելուց հետո Սկրիպալը քաղաքական ապաստան էր ստացել Անգլիայում:
Անգլիայում տարբեր քաղաքական գործիչներ խոսել են ԱԱ-18-ը բոյկոտելու մասին: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշեց, որ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ որպես բոյկոտ:
Սիրարփի Աղաբաբյան