«Հրայր Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության և բախտի տեր մարդ է». Էդմոն Մարուքյան
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեց, որ Հրայր Թովմասյանը մինչև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվելը ևս երկու շանս է ունեցել:
«Ես մտովի հետ եմ գնում, հիշում եմ, երբ Հրայր Թովմասյանը նշանակվեց Արդարադատության նախարար, ես հ/կ սեկտորում էի աշխատում: Հ/կ սեկտորում, փորձագիտական, իրավական շրջանակներում կար սպասելիք, որ մեր դաշտից մարդ է գնում գործադիր իշխանություն, և մենք մեր ձայնը լսելի կդարձնենք գործադիր իշխանությունում: Հետո, երբ ես եկա խորհրդարան, հիշում եմ, որ առաջին կառավարության հարցուպատասխանն ունեցա պարոն Թովմասյանի հետ, և շատ բուռն հարցուպատասխան էր:
Եթե չեմ սխալվում, մի կարգ էին հաստատել, որով հ/կ-ներն ավտոմատ փակվում էին, եթե չէին վերագրանցում: Շատ բուռն հարցուպատասխան էր: Պարոն Թովմասյանն ասում էր՝ կվերագրանցենք, ի՞նչ ես ուզում ինձնից:
Այսինքն՝ Հրայր Թովմասյանը ստացել էր շանս՝ ՀՀ-ում բարեփոխումներ անելու ՝որպես Արդարադատության նախարար, դրանից հետո պարոն Թովմասյանը նաև որպես Պետաիրավական հանձնաժողովի նախագահ է իր շանսը ստացել: Թե ի՞նչ է արվել, կարծում եմ՝ այս շենքում չկա մարդ, որն ավելի շատ է Հրայր Թովմասյանին քննադատել՝ թե՛ իրավական, թե՛ մասնագիտական առումներով, քան՝ ես:
Ես այդ առումով սպառել եմ ինձ: Բայց մի հետաքրքիր բան եմ մտածում, որ պարոն Թովմասյանը ստանում է երրորդ շանսը»,- հայտարարեց Է. Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Հ. Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության և բախտի տեր մարդ է, ով ստանում է երրորդ շանսը. «Երրորդ անգամ նա շանս է ստանում մի ինստիտուտ գլխավորել, որը ՀՀ Սահմանադրական դատարանն է: Թե ի՞նչ կարծիքի ենք մենք ՍԴ-ի մասին, դրա մասին էլ այդքան առողջություն չունեմ, որ խոսեմ, առողջությունս պետք է պահպանեմ: Ես ուզում եմ, որ Հրայր Թոմասյանը գոնե այս երրորդ շանսն օգտագործի այնպես, որ, եթե մի օր էլի հարցուպատասխան ունենա, ասենք՝ Աստված երրորդություն է սիրում, այս մարդն այդ երրորդ շանսն օգտագործեց»: