«Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության». Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության և Հրայր Թովմասյանի ընտրության մասին
«Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն չէր և աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե ՀՀ -ում ստեղծում է կազմակերպված պետություն. իրականում դա կազմակերպված-արյունարբու պետություն էր»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ «կազմակերպված-արյունարբու պետության համահիմնադիր և ի կատար ածող» Սերժ Սարգսյանը երեկ tert.am-ին տված հարցազրույցով հայտարարել է, որ ի հեճուկս 2014 թվականի ապրիլի 19-ին իր ստանձնած պաշտոնական և հրապարակային հայտարարության՝ ինքը պատրաստվում է վերցնել ՀՀ վարչապետի պաշտոնը.
«Ես սա համարում եմ հայտարարություն կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին, և այդ պետությունը միանշանակ պետք է անվանել ստահոդ պետություն»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու մասին հարցը: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իր ասածներն անմիջական կապ ունեն Հ. Թովմասյանի ընտրության հետ:
«Հայտարարվում է, որ ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց հիմնականում Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ-օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մի ժամանոց ռեժիմով, պատգամավորներն իրական շանս չեն ստանում կարդալու օրենքները:
Հրայր Թովմասյանի՝ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջին ակորդը ՍԴ-ի մասին օրենքն էր: Թեմայի հետ կապ չունեցող, ամանորյա մի առաջարկով՝ ՀՀ վարչապետի սպասվող ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվեցին ապրիլի 17: Սրանով այդ գլուխգործոցները չեն ավարտվում: Կա ավելի մեծ գլուխգործոց. կազմակերպել ՀՀ նախագահի ընտրություններ: Չնայած Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված է, որ նախագահի ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ՍԴ-ում, պարզվեց, որ որևէ մեկը չի կարող այդ ընտրությունների արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, որովհետև Հրայր Թովմասյանի և նրա հանձնաժողովի կողմից գրված օրենքի ուժով՝ ՍԴ-ում նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկելու դրույթն ուժի մեջ է մտնում այդ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը, երբ ՍԴ դիմելու նախատեսված բոլոր ժամկետները սպառված կլինեն:
Այ, սա է ստահոդ պետության հայեցակարգը: Այսքանից հետո ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը նրան չգործուղի ՍԴ: Հրայր Թովմասյանը գործուղվում է ՍԴ և դառնում դրա նախագահը, որպեսզի լինի այս ստահոդ պետության պահապան շունը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առավոտից գիշեր այս իշխանությունները խմում են զինվորի կենացը, բայց այդ նույն զինվորի «մայկա-տրուսիկի» հոգսը թողել են զինվորի ծնողի վրա.
«Եթե ծնողը հնարավորություն չունենա իր զինվորին մայկա-տրուսիկ ուղարկել, ուրեմն՝ այդ ստահոդ պետության զինվորը կմնա առանց ներքնաշորերի: Ամենևին էլ հեռու չէ այն ժամանակը, երբ շուտով ծնողների վրա կդրվեն Կալաշնիկովի ավտոմատները, տանկերի շղթաները և նույնիսկ «Իսկանդերի» վառելանյութն ապահովելու գործը»:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ իշխանություններն ընտրել են ստահոդ նախագահ, ստահոդ վարչապետ, բայց այդ ամենն իր լրումին չի հասնի, եթե չընտրեն ստահոդ ընդդիմություն. «Նրանց դա է հարկավոր, ու մենք այսօր բոլորս գտնվում ենք այս ընտրության և ճնշման ներքո: Նրանք ամեն ինչ անում են, որ ունենան 10 000 դրամի գերի ստահոդ ժողովուրդ: Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության, որովհետև սա ՀՀ 1991 թվականի Հայաստանի քաղաքացու երազանքի հանրաքվեով հաստատված հանրապետության օրգանիզմը համակած քաղցկեղ է: Մեզնից յուրաքանչյուրն ընտրության առաջ է՝ լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության քաղաքացի՞, թե՞ լինել ՀՀ հպարտ քաղաքացի»: