
Նոր մանրամասներ Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուսի վթարի վերաբերյալ

Երևանից Տվեր ուղեւորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՌԴ Վորոնեժի շրջանում. այն կանոնավոր ուղեւորափողադրող ընկերության շարժակազմ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
Նրա խոսքով` «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում էր «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությանը: «Ընկերությունը շահել էր մրցույթում եւ սպասարկում էր Երևան-Տվեր ուղղությունը»,-ասաց նա:
Վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվությունը դեռ ճշտվում է, և Անահիտ Առաքելյանը հստակեցրեց, որ ավելի վաղ հայտարարվածը, որ մահացել է ավտոբուսի վարորդը, դեռ ճշգրտումների կարիք ունի: Նշվում էր, որ մահացել է նաև վթարի մյուս մասնակից բեռնատարի վարորդը:
Մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց: