Գեղարքունիքում հակաբորբոքային և հորմոնալ դեղերը բաց են թողնվում դեղորայքի տրամադրման դեղատոմսային նոր կարգով

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը հրավիրված էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները եւ օպերատորները: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Առողջապահական գերակա ծրագրերից մեկի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ծրագիրը մանրամասնորեն ներկայացրին ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը եւ ՀՀ ԱՆ տեսչական մարմնի հյուսիսարեւելյան տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Խաչատրյանը: Խոսվեց համակարգի ներդրման հետ կապված առաջիկա հրատապ անելիքների եւ առաջին քայլերի մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներին: Հանդիպումից հետո, ներկայացնելով քննարկման արդյունքները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հավաստեց, որ առողջապահական երկու գերակա ծրագրերը Գեղարքունիքում ներդրվում են գործող կարգի համաձայն, առանց լուրջ խոչընդոտների:

«Մեր մարզում դեղատները, կապված դեղորայքի տրամադրման դեղատոմսային նոր կարգի կիրարկման հետ, արդեն դեղատոմսով են բաց թողնում հակաբիոտիկ եւ հորմոնալ դեղերը: Գործընթացը սկսվել է առանց խնդիրների: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ցանկով նախատեսված մյուս դեղորայքների տեսակները Գեղարքունիքում դեղատոմսով բաց կթողնվեն այս տարվա ընթացքում, օրենքով սահմանված ժամկետներում:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը եւս կիրականացվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս