ՄԱԿ-ի անդամ երկրներում նշում են երջանկության միջազգային օրը
ՄԱԿ-ի անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր:
Որոշումն ընդունվել է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:
Ինչպես ընդգծվում է Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, երկրներին առաջարկվում է տոնը նշել «պատշաճ ձեւով, այդ թվում՝ կրթական եւ լուսավորչական ծրագրերի օգնությամբ»:
Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին է, ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:
ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցը հարյուրից ավելի տոն է ներառում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22), Հեպատիտի օրը (հուլիսի 28), Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21), Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26):
Պետք է նշել, որ Հայաստանի Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցներից մեկը կոչվում է Երջանկության փողոց: