
Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Սիլիկոնյան հովտում հանդիպում է ունեցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:
Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:
Արմեն Սարգսյանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաեւ նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար մենք պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:
Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը:
Նորընտիր նախագահն այցելել է նաեւ Սինոփսիս ընկերություն եւ ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին: