Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի ձևակերպումներին. նա շարունակում է պնդել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկվա հայտարարություններով վերջնականապես փակեց ապագա վարչապետի թեման։ Այլեւս որեւէ կասկած չկա՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ նոր Սահմանադրության պարագայում եւս մնալով երկրի փաստացի ղեկավարը։
Սերժ Սարգսյանը, իհարկե, այս ամենը ուղիղ տեքստով չի հայտարարել, բայց շատ պարզ հասկացրել է սպասվող իրադարձությունների մասին։ Ուշադրություն դարձրեք նրա ձեւակերպումներին. Ս. Սարգսյանը շարունակում է պնդել, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։
Բայց Ս. Սարգսյանը պարտաճանաչ կուսակցական է։ Կուսակցությունն էլ, հիշում եք՝ իր հայտնի ձեւակերպումը. «ոհմակ չէ», եւ «կուսակցականը պետք է հաշվի նստի կուսակցության որոշումների հետ»։
Այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի իրեն «ազգովի խնդրել» եւ վարչապետի պաշտոնում առաջադրել, ստիպված կհամաձայնի։ Դե, իհարկե, հանուն ազգի եւ հայրենիքի, չէ՞ որ ինքը «պատասխանատվություն ունի երկրի սահուն ընթացքի համար»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: