Բաժիններ՝

«Adana project»-ը և Անդրե Սիմոնյանը նոր շնչով են մատուցել «Շիկեր»-ի «Իմը չես, գիտեմ» երգը

«Adana project»-ը և «The beautified project»-ի հիմնադիր, նախկին վոկալիստ Անդրե Սիմոնյանը օրերս երաժշտասերներին ներկայացրեցին «Իմը չես, գիտեմ» երգի քավր տարբերակի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրե Սիմոնյանը նշեց, որ հետաքրքիր է համագործակցել «Adana project»-ի հետ, քանի որ այն հին հայկական ազգագրական, ժողովրդական, անգամ մոռացված էստրադային երգերը, որոնց ժամանակակից սերունդը ծանոթ չէ, մշակում, նորովի և ինքնատիպ ձևով է մատուցում երաժշտասեր հանրությանը:

Նրա խոսքով` կան անհատներ, խմբեր, որոնք նորացնում են մի շարք սիրված երգեր, սակայն հաճախ համակարգչային ծրագրերով են գործիքավորում՝ առանց երաժշտական գործիքների կիրառման: Կարելի է ասել, որ այդպես սպանում են այդ գործերը:

«Adana project»-ը տարբեր համերգային ծրագրերի ընթացքում 20-ից ավելի սիրված երգեր է կատարում: Խմբի «Թարմ ծաղիկներ» երգի հաջողված կատարումից հետո «Շիկեր»-ի «Իմը չես, գիտեմ» երգի ընտրությունը շատերի համար անսպասելի էր: Այդ երգի երաժշտությունը և բառերը հաջողված են: Երբ այն լսեցի, անմիջապես պատկերացրեցի ծանր ռոք ժանրում: Կատարեցինք այն և, կարծում եմ, բավականին լավ է ստացվել»,-նշեց երաժիշտը:

Անդրադառնալով «The beautified project»-ի գործունեության դադարեցումից հետո իրականացվող ծրագրերին` Սիմոնյանն ասաց, որ ներկայումս Անգլիայում տնօրինում է մի ընկերություն, որը կապ չունի երաժշտության հետ: Այդ աշխատանքի պատճառով նա տարվա վեց ամիսը բացակայում է Հայաստանից:

«Իմ կյանքում եկավ մի շրջան, երբ հասկացա, որ պետք է մի փոքր հեռանամ երաժշտարվեստից և վերանայեմ ամեն բան, քանի որ սկսել էի շատ մեծ ուշադրություն դարձնել հոլովակների դիտումների, համերգների վաճառված տոմսերի քանակին: Այնինչ ես արվեստի մարդ եմ և զգացի, որ տարվել եմ կոմերցիոն երևույթներով»,-անկեղծացավ երգիչը:

Նրա համոզմամբ՝ չնայած «The beautified project»-ի անդամները բաժանվել են, բայց ինքը իսկապես շատ է ցանկանում պահել այդ նախագիծը: Չեն լինի համերգներ, սակայն տարվա ընթացքում նա ինչ-որ գործեր կթողարկի այլ երգիչների հետ համագործակցությամբ:

«Ցանկանում եմ որոշ ժամանակ բեմից հեռու մնալ՝ այն կարոտելու համար»,-շեշտեց նա:

Սիմոնյանը ներկայումս աշխատում է տարբեր երգիչ-երգչուհիների հետ: Համագործակցում է երիտասարդ և խոստումնալից ստեղծագործող Մարիամ Պետրոսյանի հետ, ով մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, հաղթել է Սերժ Թանկյանի հայտարարած «Յոթ նոտա» մրցույթում: «Մարիամը հրաշալի երգչուհի է, երգահան: Շուտով երաժշտասերների դատին կհանձնենք նրա տեսահոլովակը: Նշեմ, որ «The beautified project»-ի հարվածային գործիքներ նվագող Վաչե Ղարիբյանի հետ ունենք համատեղ նախագիծ, որը կոչվում է «My darkest secret»: Այն շատ է տարբերվում «The beautified project»-ի երաժշտությունից»,-ընդգծեց երգիչը:

Անդրե Սիմոնյանն անցյալ տարի հրաշալի զուգերգով էր հանդես եկել «Նեմրա» խմբի հետ՝ կատարելով «Leave me alone» մեղեդային երգը: Խոսելով «Նեմրա»-ի մասին՝ նա նշեց, որ համագործակցություն հնարավոր է նաև հեռանկարում: «Շատ եմ հավանում այդ երիտասարդ խումբը: Ուրախ եմ, որ «The beautified project»-ի երկրպագուները հիմա նրանց հետ են: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի անգլիալեզու խումբ, որը յուրօրինակ երգերով կարող է ներկայանալ նաև արտերկրում»,-եզրափակեց երգիչը:

Նա ներկայումս Հայաստանում է, քանի որ մարտի 27-ին Երևանում կայանալիք հանրահայտ «Modern talking» խմբի համերգային ծրագրի պրոդյուսերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս