ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ զորավարժությունները կվերսկսեն ապրիլի 1-ին
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է Պենտագոնի հայտարարության մեջ։
ԿԺԴՀ-ին դաշնակիցների որոշման մասին հայտնել են թերակղզում գործող ՄԱԿ-ի հրամանատարության միջոցով, նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պենտագոնը նշում է, որ զորավարժությունները «ունեն նույն այն մասշտաբը, ծավալն ու տեւողությունը, ինչ եւ նախորդ տարիներին»: Ծրագրվում է, որ Foal Eagle վարժանքներին կմասնակցեն ԱՄՆ-ի 11,5 հազար զինծառայողներ եւ մինչեւ 290 հազար հարավկորեացի զինվորականներ:
«Մեր համատեղ գործողությունները միտված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք է դրանք որպես սադրանք դիտի»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ծովային հետեւակի գնդապետ Քրիստոֆեր Լոգանը: Մինչդեռ ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ ամերիկա-հարավկորեական շարունակական զորավարժությունները սադրիչ բնույթ են կրում: